Արարատյան բակալավրիատ. նոր դպրոցական ցանց Հայաստանում և Արցախում

«Արարատյան բակալավրիատը բյուրեղացնում է ամբողջ հայ դպրության պատմությունը, որովհետև կարևորագույն խնդիր է, թե ինչպիսի մարդ ես դաստիարակում, ինչպիսի արժեքներով ես նրան զինում: Այդ մարդիկ պետք է լինեն մեր ապագան կերտողները և պատասխանատվություն ստանձնողները»։

Այս մասին Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ)  տնօրեն Տ. Մեսրոպ քհն. Արամյանն ասաց բացման խոսքում՝ մայիսի 30-ին Մատենադարանի նիստերի դահլիճում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր ամփոփելու ԿԳԱԾ-ի անցած ճանապարհը, ազդարարելու «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը և ներկայացնելու ծրագրին միացող առաջին դպրոցները՝ ՀՀ մարզերից և Արցախից:

Միջոցառմանը նաև ներկա էին և խոսքով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության նախարարի ժ/պ Լևոն Մկրտչյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«2014 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահը Գյումրիում հայտարարեց ԿԳԱԾ-ի սկիզբը, և սկսվեցին աշխատանքները։ Այս ընթացքում մենք ոչ միայն կարողացանք Արարատյան բակալավրիատի առարկայական ծրագրերը լիովին համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, այլև մշակել այդ չափանիշներին համախատասխան ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիր։ Բացի դրանից, մենք 2,5 տարվա ընթացքում՝ արագագույնը պատմության մեջ, հասել ենք նրան, որ Հայաստանն այսօր անցկացնում է քննություններ, որոնք միջազգայնորեն ճանաչված են, և որոնք ունեն մի շատ կարևոր և բացառիկ առանձնահատկություն՝ այդ քննությունները հարերենով են»,- ասաց տեր Մեսրոպը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ԱԲ-ը հայալեզու և հայաշունչ ծրագիր է, որն ամբողջությամբ մշակվել է Հայաստանում, հայ մասնագետների կողմից։

Ծրագիրը ներդրվելու է ՀՀ մարզերի և Արցախի 21 ավագ դպրոցներում (20-ը՝ ՀՀ մարզերում, և մեկը՝ Արցախում)։ Նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը կներդրվի ՀՀ բոլոր ավագ դպրոցներում։

Ինչպես նշեց Մեսրոպ քհն. Արամյանը, իրենք պետք է ընտրեին 21 դպրոց, սակայն ընտրվեց երկու անգամ ավելի շատ: Դա, ըստ նրա, խոսում է այն մասին, որ մեր մարզերում և Արցախում կան որակյալ կադրեր և մի շատ կարևոր հանգամանք՝ նվիրվածություն և հավատ սեփական ապագայի հանդեպ:  «Ծրագիրը մեկնարկում է մարզերից, որպեսզի մեր բոլոր երեխաներին լավագույն կրթության հնարավորություն տանք»,- ասաց նա: «Արարատյան բակալավրիատ» ծրագիրն ապահովում է կրթության որակի խնդիր, որը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ գիտելիք, հմտություն և դաստիարակություն: Եթե այս երեքը միասին չի լինում, հնարավոր չէ կրթության որակի մասին խոսել»,- նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալագրեր հանձնեց Արարատյան բակալավրիատի 21 թեկնածու դպրոցների 12 ուսուցչի, ովքեր բարձր արդյունքներ էին գրանցել ԱԲ-ի առարկայական քննություններին:

Ապա ՀՀ նախագահը շնորհակալագրեր հանձնեց ԱԲ-ի թեկնածու լավագույն դպրոցներին, որոնք մասնակցել էին ԱԲ-ի դպրոցական ցանցի ստեղծմանը և առարկայական քննություններում արձանագրել բարձր արդյունքներ:

«Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի ապագայի համար ամենակարևորը կարող են լինել լավագույն կրթությունը, գիտելիքահեն տնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները: Ես կարծում եմ, որ այս առումով մենք վաղուց ձևավորել ենք համաձայնություն, հասարակական կարծիք, և այդ նպատակների շուրջ այլևս մեր հասարակության մեջ տարաձայնություններ չկան: Այսօր Արարատյան բակալավրիատի միջոցով մենք տալիս ենք պատասխանն այն հարցի, թե ինչպես է անհրաժեշտ իրականացնել այս վեհ և լավ նպատակը: Արարատյան բակալավրիատը կրթության գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետևողականորեն ներդնելու ենք մեր հանրապետությունով մեկ: Այսօր, փաստորեն, մենք ազդարարեցինք այդ աշխատանքի առաջին փուլի մեկնարկը»,- եզրափակելով միջոցառումը՝ ասաց ՀՀ նախագահը։

Միջոցառման ավարտին «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Սոնա Կոշեցյանը և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը հավաստագրեր շնորհեցին այս տարի Արարատյան բակալավրիատի դպրոցների թեկնածության փուլում ներգրավված բոլոր 21 դպրոցներին։ Նախատեսվում է, որ այս դպրոցներում Արարատյան բակալավրիատով ուսուցումը կսկսվի արդեն 2018 թ. սեպտեմբերից։