Արարատյան բակալավրիատը ներդրվում է ՀՀ մարզային դպրոցներում

Այսօր մեկնարկեց «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված առաջին կրթական ծրագրին ՀՀ մարզային դպրոցների անդամակցության գործընթացը։   Այս մասին հայտարարվեց այսօր՝ «Այբ» կրթական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության համատեղ մամուլի ասուլիսին։

 

Մամուլի ասուլիսին բանախոսեցին Արարատյան բակալավրիատին անդամակցելու թեկնածու դպրոցների ընտրության հանձնաժողովի անդամներ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը։

Ասուլիսին բացման խոսքով հանդես եկավ ԿԳԱԾ-ի տնօրեն Տ Մեսրոպ քհն. Արամյանը, ով խոսեց այն մասին, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել ծրագիրը և ինչու է հիմա ներդրվում մարզային դպրոցներում։

«Երկու տարի առաջ ազդարարվեց մեկնարկը Կրթության գերազանցության ազգային ծրագրի, որի նպատակն է լավագույն կրթական բովանդակությունը և տեխնոլոգիաները հասանելի դարձնել ՀՀ բոլոր երեխաներին։ Եվ այսօր ազդարարում ենք այդ ծրագրի իրականացման գործիքը հանդիսացող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման մեկնարկը ՀՀ մարզային դպրոցներում։ Այս երկու տարիների ընթացքում ծրագիրն ամբողջությամբ լրամշակվել է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի հետ համագործակցությամբ՝ դարձնելու այն միջազգային բոլոր չափանիշներին և կրթության գերազանցության միջազգային հարթակներին համապատասխան։ Այս ամենի արդյունքում ծրագիրը ձեռք բերեց միջազգային ճանաչում նախ Քեմբրիջի համալսարանի, ապա ճանաչման միջազգային խոշորագույն ցանցի՝ Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության գործակալության (UK NARIC) կողմից՝ բացառիկ երևույթ աշխարհի մակարդակով, երբ հայերենով քննությունները համարվում են համազոր աշխարհի ամենահայտնի անգլալեզու միջազգային քննություններին։ Եվ վերջերս էլ ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով թույլատրում է, որ Արարատյան բակալավրիատը ներդրվի հանրակրթական դպրոցներում։

 

Ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը նոր սերնդի ուսուցիչների զարգացման ծրագիրն է, որը մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համատեղ, և որում ներգրավված ուսուցիչները կստանան միջազգային որակավորում։ Նախատեսվում է նաև մոտ ապագայում ԱԲ-ի ծրագիրը մտցնել ՀՀ մեկ կամ ավելի համալսարան՝ որպես կրթության մագիստրատուրայի աստիճան:

Երրորդ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Հայաստանն այսուհետ ունի միջազգայնորեն ճանաչված քննություններ, որոնց արդյունքները ճանաչված են աշխարհում և հնարավորություն են ընձեռում աշակերտներին ընդունվելու ՀՀ կամ միջազգային որևէ բուհ առանց հավելյալ քննությունների կամ կրեդիտավորելու այդ քննությունների արդյունքները արտասահմանյան բուհերում։

 

Ունենալով այս երեք կարևոր «գործիքները»՝ ծրագիրն այժմ պատրաստ է լիովին ներդրվելու ՀՀ դպրոցներում», - ասաց Տ. Մեսրոպ քհն. Արամյանը։

Խոսելով ծրագրին անդամակցության քայլերի մասին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշեց. «Այս պահին մեր հիմնական ուղերձը մարզերում տեղակայված ավագ բաղադրիչ ունեցող բոլոր այն դպրոցներին է, որոնք ձգտում են զարգացման և մոտիվացված ու պատրաստակամ են անցնելու  զարգացման ծրագրով։ Դիմում-հայտերը ներկայացնելուց հետո «Այբ» հիմնադրամը թեկնածու դպրոցների հետ աշխատանք կսկսի թե՛ ուսուցիչների զարգացման ծրագրում ներգրավման, թե՛ ինստիտուցիոնալ զարգացման ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ այդ դպրոցներում դասարանները կբացվեն արդեն 2018 թվականի սեպտեմբերի 1-ին։ Կրթությունը Արարատյան բակալավրիատի ծրագրով կլինի անվճար։ Ամբողջ ՀՀ-ում արդեն անցկացվել են հանրային լսումներ, և դպրոցներին ներկայացվել են թե՛ ԱԲ-ի ծրագիրը, թե՛ ծրագրին անդամակցելու քայլերը և պահանջները»։

Ասուլիսը եզրափակեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ նշելով, որ «հայալեզու և միջազգայնորեն ճանաչելի ծրագիր ունենալը ոչ միայն «Այբ» հիմնադրամի, ԿԳ նախարարության կամ Հայաստանի, այլև մեր ողջ ազգի շատ կարևոր ձեռքբերումն է, ինչը հնարավորություն  կտա Հայաստանը գրավիչ դարձնելու նաև սփյուռքի հայ աշակերտների համար, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել մայրենի լեզվով, ապահով միջավայրում և հայեցի դաստիարակությամբ»։

 

Տեղեկանք ՀՀ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացրած նախագիծը, համաձայն որի՝ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիրը, որ կոչված է բարձրացնելու ՀՀ կրթության համակարգի մրցունակությունը, այս տարվա դեկտեմբեր ամսից մեկնարկում է հանրակրթության համակարգում: Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի՝ ավագ բաղադրիչ ունեցող ընտրված դպրոցներում առնվազն մեկ դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։  

Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

 

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ «Արարատյան բակալավրիատ» գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:

 

2015 թ․ ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը համաքննվել է Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվել որպես անգլիական խորացված  մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման հեղինակավոր կառույցը, նույնպես «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը համազոր է ճանաչել այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ Արարատյան բակալավրիատի  համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում: