Արարատյան բակալավրիատը ներկայացվեց մարզային դպրոցներին

Դեկտեմբերի 5-15-ը «Այբ» հիմնադրամի պատվիրակությունը շրջեց Հայաստանի բոլոր մարզերով՝ ներկայացնելու «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) նոր, հայալեզու և միջազգայնորեն ճանաչված գերազանցության ծրագիրը ավագ բաղադրիչ ունեցող բոլոր հետաքրքրված դպրոցներին։

Այցերի նպատակն էր նախքան ԱԲ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը մարզային դպրոցներին ծանոթացնել ԱԲ-ի նպատակներին, տեսլականին, ինչպես նաև ծրագրին միանալու քայլերին և պահանջներին։

Ընդհանուր առմամբ, հանդիպումներին մասնակցեց ավագ բաղադրիչ ունեցող 421 դպրոցի (ավագ, միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ) 800-ից ավելի ներկայացուցիչ։

«Արարատյան բակալավրիատ» ծրագրին դպրոցների անդամակցության գործընթացը պաշտոնապես կմեկնարկի դեկտեմբերի 20-ին։

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։  

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի ընտրված դպրոցներում առնվազն մեկական դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։  

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:  

2015 թ ընթացքում ԱԲ-ը համաքննվեց Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվեց որպես անգլիական խորացված  մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, նույնպես ԱԲ-ը համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում: