Այս տարի 21 դպրոց կդառնա թեկնածու՝ ներգրավվելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրում

«Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի թեկնածու դպրոցների ընտրության գործընթացը դեռ շարունակվում է,  սակայն այսօր արդեն հայտնի է, թե 2017 թվականին քանի դպրոց կներառվի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի թեկնածության փուլում։Այս տարի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի թեկնածության փուլը կմեկնարկի ավագ բաղադրիչ ունեցող 21 դպրոցներում՝ 20-ը՝ ՀՀ մարզերում, 1-ը՝ Ստեփանակերտում։ Սա նշանակում է, որ այս դպրոցները հնարավորություն կունենան որպես ԱԲ-ի համակարգի դպրոց հավաստագրվելու սկսած 2018 թվականից՝ ներդնելով ԱԲ-ի առարկայական ծրագրերը ինչպես մեկ դասարանում, այնպես էլ ամբողջ դպրոցում՝ ցանկության դեպքում։Դպրոցների ցանկը տե՛ս հետևյալ հղմամբ։

Թեկնածու դպրոցների վերջնական ընտրությունը կատարվել է փետրվարի 22-ից մարտի 10-ը 27 դպրոցներ անհատական այցերի և մարտի 11-12-ին այդ դպրոցների թիմերի՝ Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների ընտրության մրցութային հանձնաժողովի անդամների հետ ունեցած հանդիպում-զրույցների հիման վրա։ ՄՀ անդամներն են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանը, ՀՀ նախագահի կրթության գծով խորհրդական, Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Մեսրոպ քհն. Արամյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության  (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության անդամ,  ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը։Հիշեցնենք, որ Արարատյան բակալավրիատի անդամակցության դիմում-հայտ էր ներկայացրել ՀՀ մարզերի և Ստեփանակերտի՝ ավագ բաղադրիչ ունեցող 55 դպրոց։ Դիմում-հայտերի ուսումնասիրության արդյունքում դպրոցները բաժանվել են ըստ թեկնածության փուլի մեկնարկային տարվա։ 

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։ 

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի և Ստեփանակերտի ընտրված դպրոցներում առնվազն մեկական դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։ Նախատեսվում է, որ ԱԲ ծրագրով առաջին մարզային դպրոցներն իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:

2015 թ․ ընթացքում ԱԲ-ը համաքննվեց Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվեց որպես անգլիական խորացված  մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, նույնպես ԱԲ-ը համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում: