Հայաստանում է բրիտանական հեղինակավոր Վեստմինստերի դպրոցի տնօրենը

«Այբ» կրթական հիմնադրամի պաշտոնական հրավերով Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Վեստմինստերի դպրոցի տնօրեն Փատրիկ Դերհամը։

Պրն Դերհամի այցը Հայաստան կազմակերպվել է ՀՀ դպրոցներում «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման շրջանակում՝ համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։

Հայաստանում գտնվելու օրերին` հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը, պրն Դերհամը կայցելի «Այբ» դպրոց, ինչպես նաև «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ, Դիլիջանի կենտրոնական դպրոց, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Հայաստանի ամերիկյան համալսարան՝ ծանոթանալու Հայաստանի կրթական ոլորտում իրականացվող նորարար ծրագրերին և բարեփոխումներին։

Վեստմինստերի դպրոցի մասին
Վեստմինստերի դպրոցը հիմնվել է 11-12-րդ դարերում։ Այսօր այն Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր և առաջատար դպրոցներից մեկն է, որի շրջանավարտների շուրջ 50%-ն ընդունվում է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններ։ Դպրոցը հայտնի է նաև նրանով, որ շրջանավարտների թվում են մի շարք ճանաչված քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետներից վեցը։

Արարատյան բակալավրիատի մասին
Արարատյան բակալավրիատը (ԱԲ) միջազգայնորեն ճանաչված հայալեզու կրթական ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում։ 2016 թ․ ՀՀ կառավարությունը Արարատյան բակալավրիատը ճանաչեց որպես պետական հանրակրթական ծրագիր Հայաստանում։

Նույն թվականին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC) ԱԲ-ը համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին, իսկ 2017 թ․ ԱԲ-ն ավելացվեց Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում՝ «Համալսարանների և քոլեջների ընդունելությունների ծառայություն» (UCAS) կազմակերպության oտարերկրյա միջազգային որակավորումների ցանկում՝ Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate), Եվրոպական բակալավրիատի (European Baccalaureate) և համաշխարհային մակարդակով այլ առաջատար կրթական որակավորումների շարքում։

2018 թ․ սեպտեմբերի 1-ից Արարատյան բակալավրիատը կներդրվի ՀՀ մարզերի և Ստեփանակերտի մի շարք ավագ դպրոցներում։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերների՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի (Cambridge International Examinations, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։