Քննարկումներ Լոնդոնում՝ Արարատյան բակալավրիատի շուրջ

Հունվարի 11-ից 13-ը «Այբ» կրթական հիմնադրամի պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնեց Անգլիա, որտեղ հանդիպումներ ունեցավ Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի մասնագետների հետ, որոնց հետ արդեն երկու տարուց ավել «Այբ»-ը համագործակցում է Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

Այցի հիմնական նպատակներն էին Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ուսուցիչների զարգացման ծրագրի կատարելագործումը և ԱԲ-ի առարկաների դասավանդման և առարկայական ծրագրերի կազմման մոտեցումների լրամշակումը։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին նաև դասագրքերի ստեղծման, կրթակարգի մշակման և այլ մոտեցումներ, որոնց կիրառումը կարող է էապես նպաստել ՀՀ հանրակրթական համակարգի զարգացմանը։

Եռօրյա հագեցած հանդիպումների ընթացքում «Այբ»-ի ներկայացուցիչները 14 աշխատանքային հանդիպում ունեցան ԼՀՔ Կրթության ինստիտուտի ներկայացուցիչների՝ համաշխարհային մակարդակով բարձր հեղինակություն վայելող ինը մասնագետի հետ, այդ թվում՝ պատմության ավագ մասնագետ, դոկտոր Արթուր Չափմանի և կրթության ավագ մասնագետներ Լեսլի Բերգեսի, դոկտորներ Ջոն Յանդելի և Յացեկ Բրանտի։

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի ընտրված դպրոցներում առնվազն մեկական դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:

2015 թ․ ընթացքում ԱԲ-ը համաքննվեց Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվեց որպես անգլիական խորացված մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, նույնպես ԱԲ-ը համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում: