Մեկնարկում է ուսուցիչների ներգրավումը «Արարատյան բակալավրիատ» ծրագրում

Այսօր մեկնարկում է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի՝ ուսուցիչների համար ամենաերկար սպասված փուլը․ սկսվում է նրանց ներգրավումը Արարատյան բակալավրիատի ուսուցչի զարգացման և հավաստագրման ծրագրում։ 

Ծրագրին մասնակցելու դիմում-հայտը հասանելի է այստեղ։ԱԲ-ի ուսուցիչների զարգացման ծրագիրը տևում է 10-11 ամիս և իրականացվում դեմ առ դեմ հանդիպումներով ու առցանց ուսումնառությամբ, որի մեկնարկից մինչև ավարտը բոլոր մասնակից ուսուցիչները հավաքում են թղթապանակ և կատարում հետազոտություն, որը նրանց վերջնական գնահատման և հավաստագրման հիմքն է։Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր՝•    ունեն մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մանկավարժական ստաժ, •    դասավանդում են հետևյալ առարկաներից մեկը՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, •    սովորում են մագիստրատուրայի վերջին կուրսում՝ նշված առարկաներից որևէ մեկի մասնագիտացմամբ՝ մանկավարժական որակավորման հնարավորությամբ։Ուսուցիչների ընդունելությունը ծրագրին կատարվելու է մրցութային կարգով՝ առաջին հերթին ԱԲ-ի թեկնածու դպրոցներից։ Այնուհետև ուսուցիչների ներգրավումը կկատարվի հետևյալ առաջնահերթությամբ՝ ԱԲ-ի թեկնածու դպրոցներին մոտ բնակավայրերից, տվյալ մարզից, հարևան մարզերից և Երևանից։Դիմում-հայտը լրացնելու վերջնաժամկետն է ապրիլի 10-ը։Մասնակցությունը ծրագրին անվճար է բոլոր ուսուցիչների համար։ Արարատյան բակալավրիատի ուսուցչի զարգացման և հավաստագրման ծրագրին դիմելու փուլերին ու քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։ 

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի և Ստեփանակերտի ընտրված դպրոցներում առնվազն մեկական դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։ Նախատեսվում է, որ ԱԲ ծրագրով առաջին մարզային դպրոցներն իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:

2015 թ․ ընթացքում ԱԲ-ը համաքննվեց Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվեց որպես անգլիական խորացված  մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, նույնպես ԱԲ-ը համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում: