Մշակվում է Արարատյան բակալավրիատի դպրոցների տնօրենների զարգացման ծրագիրը

Շարունակվում են Արարատյան բակալավրիատի դպրոցների տնօրենների զարգացման ծրագրի մշակման աշխատանքները: Ծրագիրը մշակվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Այս նպատակով հոկտեմբերի 3-6-ը Հայաստանում էին ԼՀՔ Կրթության ինստիտուտի վերապատրաստման գծով մասնագետներ, ԼՀՔ Կրթության ինստիտուտի՝ տնօրենների զարգացման և առաջնորդության ծրագրերի տնօրեն Ջոնաթան Դեյլը և խորհրդատու  Թոնի Ռիչարդսոնը, ովքեր երկու օր՝ հոկտեմբերի 4-ին և 5-ին, շրջեցին Կոտայքի, Լոռու, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում: Մարզային այցերի ընթացքում նրանք հանդիպում-քննարկումներ ունեցան Արարատյան բակալավրիատի (ԱԲ) թեկնածու դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ՝ համատեղ մշակելու ԱԲ-ի դպրոցների տնօրենների զարգացման ծրագիրը:

Հանդիպումները բաղկացած էին երկու մասից։ Առաջին մասում մասնագետները ներկայացրին համաշխարհային հետազոտությունների արդյունքները տնօրենի դերի և դպրոցի արդյունավետ կառավարման վերաբերյալ, իսկ երկրորդ մասում ԱԲ-ի թեկնածու դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները քննարկումների միջոցով ներկայացնում էին հայկական դպրոցի տնօրինության դերն ու աշխատանքների ոլորտները:

Մասնագետների խոսքով՝ իրենց համար հատկապես ոգևորիչ էր տեսնել, որ, չնայած ֆիզիկական միջավայրի խնդիրներին, Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցներում կան իրենց գործի նվիրյալ տնօրեններ ու ուսուցիչներ, որոնք պատրաստ են փոփոխությունների:

Հանդիպումների արդյունքները կամփոփվեն առաջիկայում, և դրանց հիման վրա կմշակվեն դպրոցների տնօրինության ստանդարտներն ու զարգացման ծրագրի նախնական տարբերակը:

Մարզային այցերի ավարտից հետո մասնագետները հոկտեմբերի 6-ին հանդիպում ունեցան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր հասկանալ նախարարության տեսակետը հայկական դպրոցների կառավարման, տնօրինության ստանդարտների և դերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվեց  Հայաստանի կրթության զարգացման տեսլականը, մասնավորապես՝ Արարատյան բակալավրիատի (ԱԲ) դերն ու տնօրենների զարգացման ծրագրի կարևորությունն այդ գործում:

ԱԲ-ի դպրոցների տնօրենների զարգացման ծրագրի մշակումը նախատեսվում է ավարտել 2018 թվականի գարնանը: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են ս. թ. ամռանը: