«Ոգևորվեցինք, նոր գաղափարներով լցվեցինք». Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Աղվերանում տեղի ունեցավ «Այբ» ուսուցչական երրորդ համաժողովը՝ Հայաստանում յուրօրինակ կրթական միջոցառում, որին այս տարի առաջին անգամ մասնակցեցին ոչ միայն Երևանի «Այբ» և Դիլիջանի կենտրոնական դպրոցների ուսուցիչները, այլև ՀՀ մարզային 11 դպրոցների՝ Արարատյան բակալավրիատի (ԱԲ) թեկնածու ավելի քան 20 ուսուցիչ։ Ընդհանուր առմամբ՝ համաժողովին մասնակցեց 100-ից ավելի ուսուցիչ։«Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների ուսուցիչներին հրավիրելու նպատակն էր խթանել այդ դպրոցների և «Այբ»-ի դպրոցների ուսուցիչների միջև փորձի փոխանակումն ու շփումները, նրանց ծանոթացնել ԱԲ-ի ուսուցչի մասնագիտական զարգացման ծրագրով անցած համայնքի և նրանց  հետազոտական աշխատանքների հետ»,- ասաց ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման բաժնի ղեկավար և համաժողովի համակարգող Հասմիկ Կյուրեղյանը` նշելով, որ հետագայում նախատեսվում է կազմակերպել և անցկացնել առանձին Արարատյան բակալավրիատի ուսուցիչների համաժողով:Երկօրյա համաժողովի առաջին օրվա ընթացքում քննարկվեցին մի շարք արդի կրթական թեմաներ, իսկ երկրորդ օրվա ընթացքում՝ գլխավորապես «Այբ»-ին առնչվող համայնքաշինական բնույթի հարցեր։ Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների ուuուցիչները մասնակցեցին համաժողովի առաջին օրվան և առավել տպավորված էին համաժողովի հատուկ հյուր՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի կրթության գծով ավագ մասնագետ դոկտոր Յացեկ Բրանտի ելույթով, որի թեման էր՝ «ի վերջո, ի՞նչ է կրթությունը»։ Քննարկումն անցավ հետաքրքիր փոխներգործուն ձևաչափով՝ ներգրավելով ներկաներին:Բացի քննարկումներից՝ Արարատյան բակալավրիատի թեկնածու ուսուցիչները նաև մասնակցեցին աշխատանքային հանդիպումների, ազդաներկայացումների, նախագծերի ներկայացման, պանելային նիստի։ Նրանց համար հատկապես ոգևորիչ էր շուրջ երկու ժամ տևած պանելային նիստը, որի խոսնակներն էին Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) տնօրեն Տ. Մեսրոպ քհն. Արամյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրեն Արամ Մեհրաբյանը: Նիստը վարեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։ Պանելային նիստը բոլոր ներկաներին մտորելու առիթ տվեց այն մասին, թե առհասարակ ինչպիսին պետք է լինի կրթությունը, որպեսզի նպաստի աշակերտների համակողմանի զարգացմանը և ոչ թե վերածվի «բանտի»՝ սահմանափակելով և խոչընդոտելով նրանց զարգացումը։Համաժողովի առաջին օրվա ավարտին զրուցեցինք նաև ԱԲ-ի թեկնածու դպրոցների ուսուցիչների հետ՝ հասկանալու, թե ինչ տպավորություններով են հեռանում՝ հաշվի առնելով, որ առաջին անգամն էր, որ Հայաստանում մասնակցում էին ուսուցիչների լավագույն փորձի ու գիտելիքների խտացման ու փոխանակման լայնածավալ ու հագեցած նմանատիպ միջոցառման։ Բոլոր պատասխանները ճառագում էին մեծ հավատ «Այբ»-ի առաքելության նկատմամբ և մեծ հույս Արարատյան բակալավրիատի հանդեպ: Ահա դրանցից մի քանիսը.Համաժողովի մասնակցությունն ինձ ոգևորեց։ Ես տեսա և զգացի, թե որքան լուրջ մոտեցումներ և քննարկումներ կան կրթության շուրջ: Հասկացա, որ մեր երկրում մի նոր մոտեցում և վերաբերմունք է ցուցաբերվում դեպի կրթությունը՝ սովորել ցանկացողին` ամեն ինչ, սովորեցնող ուսուցչին` ազատ և անկաշկանդ գործունեություն:Ինձ հատկապես դուր եկավ աշակերտների՝ Արարատյան բակալավրիատում կիրառվող գնահատման համակարգը: Ես վաղուց էի երազում, որ ինձ` որպես ուսուցչի, չպարտադրվեն ընթացիկ և այլ բաղադրիչ միավորային գնահատականներ: Ըստ իս` պարտադիր պետք է լինի միայն վերջնական արդյունքը:Հաճելիորեն դուր եկան «Այբ» դպրոցների ուսուցիչների պայծառ, լուսավոր, ժպտացող դեմքերը և գոհունակ վերաբերմունքը իրենց արած գործի նկատմամբ: Կուզենայի, որ բոլոր ուսուցիչները այդպես գոհ ու բավարարված լինեն իրենց աշխատանքից: 

Էլմիրա ԱմիրաղյանՆոյեմբերյանի ավագ դպրոց 

«Այբ»  ուսուցչական համաժողովը հետաքրքիր շփումների և քննարկումների հնարավորություն տվեց: Եղան հանդիպումներ, որոնք պարզաբանեցին այնպիսի հարցեր, որոնց լուծման ճանապարհը դժվարանում էինք գտնել: Հատկապես հետաքրքիր էր պանելային քննարկումը, որի ոգևորիչ  մթնոլորտը վարակեց բոլորին և անհամար գաղափարների ծնունդ տվեց: Յուրահատուկ էր քննարկումների կազմակերպման ձևը. տարբեր խմբեր քննարկում էին տարբեր թեմաներ:Համաժողովի մթնոլորտն ինքնին տոնական ու ոգևորող էր, շփումները՝ հետաքրքիր, զարմանալի, ուսանելի: Համաժողովի շնորհիվ գտանք շատ համախոհներ, ոգևորվեցինք «Այբ»-ի ուսուցիչների օրինակով, ստացանք դրական լիցքեր ու հետագա գործունեության համար մեծ էներգիա:Թարո Հակոբյան Վայքի ավագ դպրոց 

Համաժողովն ինձ տվեց ոգևորություն ու է՛լ ավելի մեծ ցանկություն՝ միանալու «Այբ»-ի ընտանիքին՝ Արարատյան բակալավրիատի միջոցով։ Թեմաները, որ քննարկվեցին, մշտապես եղել են իմ ուշադրության կենտրոնում, բայց անչափ հետաքրքիր էր մոտեցումը, ծանոթ հարցերի՝ այլ պրիզմայով վերլուծությունը:Անչափ ոգևորիչ էին հավաքվածների լուսավոր դեմքերը՝ վարակված լավատեսությամբ, իրենց երազանքներին հավատարիմ լինելը, վստահությունն այն ամենի նկատմամբ, ինչին ձգտում են, կարծիքների բազմազանությունը, շատ լուրջ գործը թեթևությամբ ու հաճույքով անելը, ընկերային հարաբերությունները, մտքի, կարծիքի ազատությունը ու էլի շատ բան, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:Նաիրա ԹադևոսյանԳյումրու ավագ դպրոց 

Մեզ ամենից շատ հետաքրքրեցին պանելային նիստի բանախոսների հարցադրումները, նրանց մոտեցումները կրթության տեսլականին: Ոգևորիչ են «Այբ» շարժումը, մթնոլորտը:Ալլա ՍահակյանԱյնթապի թ. 2 միջնակարգ դպրոց 

Շատ հետաքրքիր էր ծանոթանալ այն դպրոցների ուսուցիչների հետ, որոնք ևս ընդգրկվել են «Արարատյան բակալավրիատ» ծրագրում, և որոնց չէինք ճանաչում։ Այս համաժողովի ընթացքում մեր շատ հարցերի պատասխաններ ստացանք և, որ ամենակարևորն է, ոգևորվեցինք, հեքիաթներին հավատացինք․կաշխատենք մեր հեքիաթներն էլ ներմուծել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մեջ։Սեդա ԹունյանՍտեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցԱյն ավյունը, այն թարմությունը, որ տեսա այսօր այստեղ, ինձ ոգևորեց։ Ինձ հարցնում են․ «Ինչո՞ւ եք ընդգրկվում «Արարատյան բակալավրիատ» ծրագրում»։ Այսօր այստեղ ներկա գտնվելով՝ կրկին համոզվեցի, որ դա ճիշտ է։ Միշտ պետք է առաջ գնալ, հատկապես եթե կոչումիդ մեջ ես, նվիրյալ ես, ուզում ես, որ գործդ ծաղկի, ու որ քեզնից հետո լավ բան թողնես, իսկ սերնդի հետ աշխատանքը ամենաերախտավոր աշխատանքն է։ Գայանե Սաֆարյան Վաղարշապատի Մ. Գորկու անվան թ. 5 ավագ դպրոց 

Ինձ հատկապես դուր եկավ աշակերտների գնահատման հետ կապված ձեր փորձը, ինչը շատ ցանկալի է կիրառել նաև հանրակրթական մյուս հաստատություններում։ Ինձ ոգևորեցին ձեր ուսուցչական համայնքի միջև առկա փոխհարաբերությունները, այն, որ ձեր ուսուցիչները շատ ուրախ և հպարտ են ուսուցիչ լինելու համար... ժպտում են, և ակնհայտ է, որ դա ներքին մղում է։ Ոչ միայն շուկան է մրցակցություն պահանջում, այլ նաև կրթության ոլորտը։ Նույն չափորոշիչով տարբեր ձևերով, ուսուցման մեթոդների կիրառմամբ առաջ գնալը կբերի համակարգի ընդհանուր առողջացմանը։Հասմիկ Հայրապետյան Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց