Ինչ է Արարատյան բակալավրիատը

Արարատյան բակալավրիատի գրքույկ
«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի առաքելությունը և սկզբունքները


Արարատյան բակալավրիատը ավագ դպրոցի խստապահանջ ուսումնական ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և կատարելագործվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում: ԿԳԱԾ-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ծրագիր է, որն իրականացվում  է կրթության ոլորտում առաջատար միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: 

2016 թ. Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC) համաքննեց ԱԲ-ի ծրագիրը և այն համազոր ճանաչեց բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին:

Արարատյան բակալավրիատը ավագ դպրոցի դպրոցական ծրագիր է, որն առաջարկում է խորացված և ստանդարտ ուսուցում։ Եռամյա ուսումնառության կարևորագույն բաղադրիչ է նախագծային կրթությունը, որն ուղղված է աշակերտների հմտությունների ընդլայնմանը և առարկայական գիտելիքների խորացմանը։ Անգլերենից և ռուսերենից բացի՝ բոլոր առարկաները դասավանդվում և գնահատվում են հայերենով։ 

Ով է Արարատյան բակալավրիատի աշակերտը

ԱԲ-ը նախատեսված է բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար և առաջարկվում է Հայաստանի 12-ամյա հանրակրթական համակարգի վերջին 3 տարիների ընթացքում: Ի տարբերություն պետական ծրագրի՝ ԱԲ-ի աշակերտները սովորում են խորացված առարկաներ թե՛ շաբաթվա 5 օրերի ընթացքում, թե՛ շաբաթ օրերը: 

«Նախատեսված լինելով ավագ դպրոցի համար՝ և՛ ԱԲ-ը, և՛ GCE A Level-ը, և՛ Advanced Placement-ը ենթադրում են, որ ընդունելության պահին աշակերտները պետք է ունենան որոշակի մակարդակի գիտելիքներ և հմտություններ։ Այնուամենայնիվ, ԱԲ-ը նախատեսված է բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար, մինչդեռ GCE A Level-ը ու Advanced Placement-ը նախատեսված են համեմատաբար լայն կարողություններ ունեցող աշակերտների համար» (ՄԲ ՃՀԱԳԻ համաքննման զեկույց, 2016 թ օգոստոս)։

8 առարկայախումբ՝ ավելի քան 30 առարկա

Արարատյան բակալավրիատի կրթական ծրագիր

Արարատյան բակալավրիատի առարկայական ծրագրեր

•    Հայոց լեզու և գրականություն
•    Հայոց պատմություն
•    Համաշխարհային պատմություն
•    Քիմիա
•    Ֆիզիկա
•    Կենսաբանություն
•    Մաթեմատիկա
•    Անգլերեն
•    Ռուսերեն

Ցանկը պարբերաբար համալրվում է նոր առարկաների ծրագրերով։

ԱԲ-ի բոլոր 10-րդ դասարանցիների ուսումնական ծրագիրը ներառում է`

  • խորացված հայագիտական առարկաներ
  • խորացված մաթեմատիկա
  • անգլերեն
  • ռուսերեն
  • գիտություններ
  • ֆիզիկական դաստիարակություն և ՆԶՊ
  • մտածելու հմտություններ

ԱԲ-ի բոլոր 11-րդ դասարանցիների ուսումնական ծրագիրը ներառում է`

  • խորացված հայագիտություն
  • խորացված մաթեմատիկա
  • անգլերեն
  • ֆիզիկական դաստիարակություն և ՆԶՊ
  • նախագծային ուսումնառություն (ՆՈՒ 1)*

ԱԲ-ի բոլոր 12-րդ դասարանցիների ուսումնական ծրագիրը ներառում է`

  • խորացված հայագիտական առարկաներ
  • խորացված մաթեմատիկա
  • անգլերեն
  • ֆիզիկական դաստիարակություն և ՆԶՊ
  • նախագծային ուսումնառություն (ՆՈՒ 2)*
Սրանց գումարվում են ընտրովի առարկաներ ՝
  • հասարակագիտություն
  • արվեստներ
  • խորացված Ա առարկա
  • խորացված/ստանդարտ Բ առարկա
  • ստանդարտ առարկա
  • խորացված Ա առարկա
  • խորացված/ստանդարտ Բ առարկա
  • [ընտրովի ստանդարտ առարկա]
Ընդամենը՝ 36 ժամ
Ընդամենը 36-39 ժամ**
Ընդամենը 33-36 ժամ**
* Նախագծային ուսումնառության համար օգտագործվում են շաբաթ օրերը և լրացուցիչ ժամերը:
** Կախված է նրանից, թե աշակերտն ինչ է ընտրում՝ մեկ լրացուցիչ խորացված առարկա՞,  երկո՞ւսը, թե՞ լրացուցիչ ստանդարտ առարկաներ:

Նախագծային ուսումնառություն

Բոլոր աշակերտները բոլոր մակարդակների դիպլոմների համար պետք է ստանան նախագծային ուսումնառություն (ՆՈՒ): Նախագծերն ընտրվում և պատրաստվում են աշակերտների կողմից և պետք է ունենան հանրային նշանակություն: Սա ներկայացնում է կուռ կառուցվածքով միջառարկայական գործունեություն, որն իրականացվում է աշակերտների կողմից կազմված խմբերի միջոցով և ուսուցչի ղեկավարությամբ: ՆՈՒ-ի շնորհիվ գնահատվում են աշակերտների հաղորդակցության և խնդիրների լուծման հմտությունները նախագիծը ներկայացնելու, ինքնարտահայտման և խմբային գործունեության միջոցով:

Խորացված առարկաներ

Խորացված առարկաների նպատակն է աշակերտներին փոխանցել ավելի խոր գիտելիքներ այդ առարկաներից, ինչպես նաև զարգացնել դրանց առնչվող համապատասխան հմտությունները: Խորացված առարկաներին տրված է առնվազն 360 ուսումնական ժամ:

Բոլոր աշակերտները պետք է անցնեն խորացված հայագիտություն, անգլերեն (անգլերենի իմացության պարտադիր մակարդակը ավարտական փուլում պետք է համապատասխանի  առնվազն CEFR-ի B2-ին) և ևս մեկ խորացված առարկա՝ ըստ իրենց ընտրության, սակայն երկուսից ոչ ավելի: Աշակերտները կարող են ընտրություն կատարել հետևյալ առարկաներից՝ խորացված մաթեմատիկա, խորացված կենսաբանություն, խորացված քիմիա, խորացված ֆիզիկա, իսկ 2019 թ. սկսած՝ նաև խորացված պատմություն: Այն աշակերտները, ովքեր կսովորեն երկու լրացուցիչ խորացված առարկա՝ հնարավորություն կունենան գերազանցության դիպլոմով ավարտելու ԱԲ-ի դասարանը։ 

Խորացված հայագիտական առարկաները միավորված են մեկ ծրագրում և ներառում են հայոց լեզու, գրականություն, պատմություն և մշակույթ: Հայագիտական առարկաները շեշտը դնում են բանավոր և գրավոր հաղորդակցության, քննադատական մտածողության  և վստահելի ու անվստահելի աղբյուրների տարբերակման ունակության զարգացման և պատմական պատասխանատվության զգացման վրա:

Ստանդարտ առարկաներ

Ի լրումն խորացված առարկաների՝ աշակերտները, 11-րդ դասարանից սկսած, պետք է սովորեն մեկ կամ ավելի ստանդարտ առարկա: Ստանդարտ առարկաներին տրված է առնվազն 180 ուսումնական ժամ, որոնք պիտի օգնեն աշակերտներին կողմնորոշվել իրենց հետաքրքրություններում և լիարժեք կրթություն ստանալ:

10-րդ դասարանում բոլոր աշակերտների համար պարտադիր են ստանդարտ արվեստ, ստանդարտ հասարակագիտություն և ստանդարտ ռուսերեն առարկաները։ Ռուսերենի իմացությունը գնահատվում է պետական քննության միջոցով՝ հավաստելու, որ ուսումնառության ընթացքում ձեռք է բերվել առնվազն CEFR A2 մակարդակը: Ֆիզիկական դաստիարակությունը պարտադիր է բոլոր 3 տարիների համար:

Ստորև ներկայացված են ստանդարտ առարկաների օրինակներ: Տարբեր դպրոցներում դրանք կարող են տարբեր լինել:

  • Պատմություն
  • Աշխարհագրություն
  • Գործարարության հիմունքներ
  • Կենսաբանություն
  • Քիմիա
  • Ֆիզիկա
  • Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ
  • Ռոբոտիկա
  • Ֆրանսերեն
  • Իսպաներեն
  • Գերմաներեն
  • Պարարվեստ
  • Երաժշտություն
  • Արվեստներ

Ինչպես է կատարվում Արարատյան բակալավրիատի աշակերտների գնահատումը

ԱԲ ծրագրում կիրառվում է գնահատման երկու ձև՝ ձևավորող և ամփոփիչ։ Ձևավորող գնահատումը տրվում է տնային առաջադրանքներին, կուրսային աշխատանքներին և դասարանային թեստերին։ Յուրաքանչյուր աշակերտ իր ուսուցչի հետ միասին կազմում է թղթապանակ և ստանում բնութագրական արձագանք՝ ըստ թղթապանակում արտացոլված առաջընթացի։ ԱԲ-ի ծրագրում չի կատարվում ընթացիկ թվանշանային գնահատում։ Թվանշանային՝ ամփոփիչ գնահատում իրականացվում է տարին երկու անգամ՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին։

ԱԲ-ի ամփոփիչ գնահատումը, ներառյալ ավարտական քննությունների գնահատումը, իրականացվում է անկախ քննական մարմնի՝ Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի կողմից։ Քննական կենտրոնը ստեղծվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի կողմից, իսկ կենտրոնի գործունեությունը վերահսկվում է «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի կողմից։ 

ԱԲ-ի քննական կենտրոնը սերտորեն համագործակցում է «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի հետ՝ իրականացնելու խորացված առարկաների գնահատումը։ 

Այն աշակերտները, ովքեր հաջողությամբ հանձնում են խորացված քննություններ մաթեմատիկայից, կենսաբանությունից, քիմիայից և ֆիզիկայից, ստանում են հավաստագիր, որի դարձերեսին գրված է.

Արարատյան բակալավրիատի խորացված մակարդակի Ա*(ա*), Ա(ա), Բ(բ), Գ(գ), Դ(դ) կամ Ե(ե) գնահատականները վկայում են ձեռք բերված կրթական մակարդակի մասին, ուր Ա*(ա*) գնահատականը բարձրագույնն է, իսկ Ե(ե) գնահատականը՝ ցածրագույնը։ Ե(ե) գնահատականից ցածր եղած արդյունքները չեն գրանցվում հավաստագրում։  Շնորհված Ա*, Ա, Բ, Գ, Դ կամ Ե գնահատականներն առնվազն համարժեք են բրիտանական GCE A Level խորացված մակարդակի դպրոցական որակավորման նույն գնահատականներին։ 

Արարատյան բակալավրիատի ստանդարտ մակարդակի  ա*, ա, բ, գ, դ կամ ե գնահատականները վկայում են ձեռք բերված մակարդակի մասին, ուր ա գնահատականը բարձրագույնն է, իսկ ե(ե) գնահատականը՝ ցածրագույնը: ե(ե) գնահատականից ցածր եղած արդյունքները չեն գրանցվում հավաստագրում։ Շնորհված ա*, ա, բ, գ, դ կամ ե գնահատականներն առնվազն համարժեք են GCE AS Level խորացվածին նախորդող մակարդակի դպրոցական որակավորման նույն գնահատականներին։ (Հաստատված է UK NARIC-ի կողմից): 

Հայագիտական առարկաները գնահատվում են Հայաստանում և վավերացվում ԱԲ-ի քննական կենտրոնի անցկացրած քննություններով: Անգլերենը գնահատվում է Հայաստանում և վավերացվում պետական կամ միջազգային քննություններով: Միջազգային բուհեր դիմող աշակերտները պետք է հանձնեն IELTS քննություն՝ որպես անգլերենի իմացության ապացույց: 2019 թ. սկսած՝ ԱԲ-ը պլանավորում է ներդնել GCE A Level-ին համազոր «խորացված պատմություն» առարկան:

Արարատյան բակալավրիատի հավաստագիրը ճանաչող և ընդունող արտերկրյա համալսարաններ

Արարատյան բակալավրիատի աշակերտներ

Արարատյան բակալավրիատի աշակերտի նկարագիրը

ԱԲ-ի նպատակն է կրթել աշակերտներին որպես լավ քաղաքացիներ, ովքեր հաղորդ են իրենց արմատներին և պատրաստ են պատասխանատվություն ստանձնել ինչպես սեփական անձի, այնպես էլ ազգի ապագայի համար: 
ԱԲ ծրագիրը մշակվել է այնպիսի անհատների սերունդներ կերտելու տեսլականով, որոնց բնորոշ են ներքոբերյալ հատկանիշները։

Ա. Ճանաչող և ստեղծարար

Մարդու ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունը ԱԲ-ի կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է: Ճանաչողությունն ամրապնդվում է փորձառությամբ և պտղաբերում ստեղծագործումով: Իսկ յուրաքանչյուր գործ իմաստավորվում և ամբողջանում է այդ գործից ծնված փորձառական գիտելիքով: Գիտելիքն աղերսելով սեփական փորձին և կյանքին` մարդն իր կյանքը դարձնում է սովորելու ճամփորդություն և դառնում ընդմիշտ սովորող: Ուստի ԱԲ-ի աշակերտը ճանաչելով ստեղծում է և ստեղծելով ճանաչում:

Բ. Նախաձեռնող և հավասարակշռված

Նախաձեռնողը նա է, ով ոչ միայն ինքնուրույն սկսում կամ ձեռնարկում է որևէ բան, այլև ունի արիություն և համարձակություն սկսածն առաջ տանելու և ավարտին հասցնելու: Սակայն յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշռված, այսինքն` շրջահայաց, խոհեմ և լուրջ` պահպանելով ներքին խաղաղությունը և ցուցաբերելով զսպվածություն: Շրջահայաց նախաձեռողն անխոհեմ առաջ չի նետվում, այլ պատասխանատվությամբ ծրագրում ու խորհում է, հաշվի առնում ծրագրի բոլոր գործոնները և կողմերը, մարդկանց իր գաղափարի շուրջ հավաքում, մարդկանց ծառայում և առաջնորդում:

Գ. Զգոն և բաց

Զգոն նշանակում է ոչ միայն արթուն, աչալուրջ և զգույշ, այլև` ներքնապես ուշադիր և հավաքված: Մարդկային կյանքը ցրված է մտքերի, հիշողությունների, զգացմունքների, ապրումների մեջ, և կրթության բոլոր ժամանակների գերխնդիրն է` սովորեցնել մարդուն հավաքվել, ուշադիր լինել և կենտրոնանալ: Զգոնը նաև նա է, ով բարոյապես զգաստ է և պարկեշտ: Սեփական ապրումների հսկումը և բարոյական պատասխանատվության ստանձնումը արդյունավետ են, երբ մարդը բաց է, ազատ և հաղորդակից: Բաց մարդը զերծ է ներքին կապանքներից և սևեռումներից, հաղորդակից է մարդկանց և ունի իրականության զգացողություն: ԱԲ-ի աշակերտը չի առաջնորդվում սոսկ սեփական հետաքրքրություններով և ցանկություններով, այլ բաց է` ունեցածը կիսելու և ուրիշներից իրեն տրված բարիքը շնորհակալությամբ ընդունելու:

Դ. Բարեխոհ և հոգատար

ԱԲ-ի աշակերտը ոչ թէ պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն են: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ` ԱԲ-ի աշակերտը պետք է լինի հոգատար: Հոգատար է նա, ով սեր ունի իր մեջ, փորձում է մարդկանց համար բարիք գործել, պատասխանատու է և անտարբեր չի անցնում իրողությունների կողքով: Բարեխոհությունն ու հոգատարությունը բարոյական լրացումն են «ճանաչող և արարող» հատկանիշների և շեշտում են, թե ինչ տեսակի ճանաչողությունն ու գործերն են օգտակար: