Լուրեր

28
Jun
2018

«Իմ մանկավարժական 35 տարիների ընթացքում բազմաթիվ վերապատրաստումների եմ մասնակցել, բայց երջանիկ եմ, որ իմ այս մանկավարժական հավանաբար վերջաբանում առիթ ունեցա մասնակցելու նման զարգացման ծրագրի»։

Վայքի ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Կիմա Օհանեսյանը մեկն էր ՀՀ մարզերի և Արցախի այն 97 ուսուցիչներից, որոնք հունիսի 27-ին հավաստագրվեցին որպես Արարատյան բակալավրիատի ուսուցիչ։

2017 թ․ մարտին Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրում ներգրավվելու դիմում-հայտ էր ներկայացրել շուրջ 300 խիզախ ուսուցիչ, որոնք հանձնեցին առարկայական քննություն և մասնակցեցին մասնագիտական հարցազրույցի։ Նրանցից ընտրության փուլը հաղթահարեց միայն 110-ը, որոնք էլ ներգրավվեցին 1 տարի տևողությամբ անվճար մասնագիտական զարգացման ծրագրում։

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք տեսանք այնպիսի ուսուցիչների, որոնք չվախեցան ռիսկի գնալ և, հաղթահարելով ընտրության բոլոր փուլերը, մասնակցեցին մի ծրագրի, որը մեծահասակների կրթության բոլորովին նոր մշակույթ էր Հայաստանում։ Նրանք սովորեցին լինել համարձակ, բաց՝ համագործակցության համար և սովորեցին միմյանցից սովորել։ Անչափ ուրախ և հպարտ եմ ձեզնով»,- մասնակիցների հավաստագրման միջոցառման իր բացման խոսքում նշեց Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման բաժնի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանը։

Միջոցառմանը խոսքով նաև հանդես եկան Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ավագ դասախոս դոկտոր Յացեկ Բրանտը և Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն․ Արամյանը։

«Ինձ համար պատիվ է այսօր լինել Երևանում և ձեզ հետ միասին տոնել ձեր հաջողությունը։ Այն, ինչին մենք հասել ենք վերջին մեկ տարում, ուշագրավ է։ Հայերեն ասացվածք կա՝ «Ջրի բերածը ջուրը կտանի», բայց սա բնավ ձեր մասին չէ, քանի որ ոչ ոք ձեզնից չի կարող խլել ձեր հաջողությունը կամ ձեռք բերածը»,- նշեց Յացեկ Բրանտը, որի խոսքին հաջորդեց հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Հավաստագրերը մասնակիցներին հանձնեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մամիկոնյանը։

«Ուսուցչությունը լուրջ զարգացման ծրագիր պահանջող մասնագիտություն է, որովհետև այդ մասնագետի ձեռքում է ժողովրդի ապագան։ Ուսուցիչները պետք է թռչելու թևեր տան նոր սերունդներին»,- միջոցառումը եզրափակեց Տ․ Մեսրոպ քհն․ Արամյանը։

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մասին՝ համառոտ

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրն ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, մեկ տարի տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից` նախատեսված ինչպես գործող, այնպես էլ նոր ուսուցիչների համար։

Ծրագրին մասնակցությունը պարտադիր է «Արարատյան բակալավրիատ» ծրագրով դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար:

Ծրագրի առաջին հատվածն իրականացվում է դեմառդեմ և առցանց ուսումնառության միջոցով, իսկ երկրորդ հատվածը փորձաշրջան է, երբ մասնակիցները դասավանդում են` փորձարկելով ծրագրի արդյունքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, և համագործակցում իրենց մենտոր-խորհրդատուի հետ։

Ուսումնառության ողջ ընթացքում մասնակիցները կազմում են թղթապանակ, որի կարևորագույն բաղադրիչը սեփական փորձառության հետազոտությունն է։ Թղթապանակի նպատակը մասնակիցների աշխատանքի վկայությունները հավաքելն է և առաջընթացը գնահատելը՝ ԱԲ-ի ուսուցչի չափանիշներին համապատասխան։ Մասնակիցների գնահատումն ու հավաստագրումը կատարվում են թղթապանակի հիման վրա։

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը մշակվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Կարդալ ավելին
11
May
2018

Արարատյան բակալավրիատի միջազգային ճանաչման աշխատանքների շրջանակում ԱԲ-ի միջազգային ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը մայիսի 2-4- ը Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի հրավերով մասնակցեց համալսարանի Համաշխարհային կրթության ամենամյա միջազգային համաժողովին։

Միջազգային համաժողովի նպատակն էր ներկայացնել Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի կողմից ուսանողներին տրամադրվող հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներից համաժողովին մասնակցող մասնագետների ներկայացրած կազմակերպություններին և բացահայտել ու քննարկել համագործակցության հնարավոր ուղիները։

Երկօրյա համաժողովին մասնակցեց աշխարհի 24 երկրից 25 մասնագետ, որոնք ոչ միայն ներկա գտնվեցին զանազան թեմաներով սեմինարների («Համաշխարհային կրթության մարտահրավերները և հնարավորությունները», «Նորարարության և ձեռնարկատիրության խթանում» և այլն), այլ նաև ունեցան հանդիպումներ համալսարանի ուսանողների և դասախոսների հետ՝ ծանոթանալով Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի տեսլականին ու պատմությանը, կրթակարգին ու ֆակուլտետներին, համալսարանի տեխնիկական հագեցվածությանը, հանրակացարանին և այլն։

Արարատյան բակալավրիատի ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը ներկայացրեց «Այբ» կրթական հիմնադրամի կրթական ծրագրերը, մասնավորապես՝ հիմնադրամի մշակած հայալեզու և միջազգայնորեն ճանաչելի կրթական որակավորումը՝ Արարատյան բակալավրիատը, որն այսօր համազոր է բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement որակավորումներին, ծրագրի՝ աշակերտներին ընձեռած հնարավորություններն ու առավելությունները և այլն։

«Արդեն սկսվել են Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի հետ ԱԲ-ի հավաստագրի շուրջ ճանաչման աշխատանքները, և լիահույս ենք, որ արդեն ընդունելության մյուս տարվանից ԱԲ-ի աշակերտները կկարողանան իրենց քննությունների արդյունքներով ուղիղ դիմել և ընդունվել այնտեղ»,- նշեց Ռուզաննա Մայիլյանը՝ ավելացնելով, որ համալսարանն իրականացնում է խիստ ընդունելություն և ընտրում լավագույն առաջադիմությամբ ուսանողների։

«Համալսարանը ոչ միայն առաջարկում է բարձրորակ կրթություն, այլև համալսարան ընդունված ուսանողներին տրամադրում մինչև 100% կրթաթոշակ, ինչը հիանալի հնարավորություն է մեր աշակերտների համար՝ ստանալու իսկապես որակյալ կրթություն և, վերադառնալով հայրենիք, օգտագործել իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն ի նպաստ մեր հայրենիքի զարգացման և առաջընթացի»,- նշեց Ռուզաննա Մայիլյանը։

Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի մասին

Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանն իր դռները բացել է 2010 թվականին։ Այն ստեղծվել է Նյու Յորքի համալսարանի և Աբու Դաբիի Էմիրության գործընկերության շրջանակում՝ 21-րդ դարում բարձրագույն կրթության առանցքային դերի ու մարտահրավերների գիտակցությամբ։

Արարատյան բակալավրիատի մասին

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որը կոչված է որակյալ կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի և Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։

Կարդալ ավելին
07
Apr
2018

Աշխարհի 25 լավագույն բուհերից ևս մեկը՝ Լոնդոնի թագավորական քոլեջը (King’s College London), փաստել է Արարատյան բակալավրիատի կրթության բարձր որակը։ Արարատյան բակալավրիատն ավելացվել է քոլեջի կողմից ընդունելի այն որակավորումների ցանկում, որոնք ապահովում են ուղիղ ընդունելություն բուհ՝ բակալավրի աստիճանի համար։

Արարատյան բակալավրիատի շնորհիվ Հայաստանն այնպիսի երկրների շարքում է, ինչպիսին են Ֆինլանդիան, Սինգապուրը, Գերմանիան, Էստոնիան, որոնց հանրակրթական ծրագրերն ու քննական արդյունքները ևս ապահովում են ուղիղ ընդունելություն Լոնդոնի թագավորական քոլեջ։

Լոնդոնի թագավորական քոլեջի մասին

Լոնդոնի թագավորական քոլեջը հիմնվել է 1829 թվականին։ Ըստ QS World University Rankings-ի 2016-2018 թթ․ տվյալների՝ Լոնդոնի թագավորական քոլեջն աշխարհի լավագույն 25 համալսարանների շարքում է։ Այսօր համալսարանում սովորում է ավելի քան 29 600 ուսանող՝ 150 երկրից։

Արարատյան բակալավրիատի մասին

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որը կոչված է որակյալ կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի և Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։

Կարդալ ավելին
30
Mar
2018

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի 2017-2018թթ․ շրջափուլը թևակոխել է ավարտական շրջան։

Մարտի 26-29- ը ծրագրի 2017-2018 թթ․ շրջափուլի մասնակիցները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները, որոնք կատարել էին իրենց դասարաններում՝ գործնականորեն կիրառելով ծրագրի շրջանակում ձեռք բերած նոր գիտելիքները, հմտությունները և դասավանդման մեթոդները։

«Շուրջ երեք ամիս տևած ընտրության գորրծընթաց, ակտիվ ուսումնառության շուրջ 10 ամիս, ավելի քան 30 մասնագիտական հոդվածի ընթերցանություն ու քննարկում, երեք դեմառդեմ հանդիպում, ձեռք բերած հմտությունների շարունակական փորձարկում ու դասարանային հետազոտություն և հետազոտական աշխատանքների 4-օրյա ներկայացում ու առարկայական վերապատրաստումներ ծրագրում ներգրավված բոլոր 103 մասնակիցների համար․ 2017-2018 թթ․ շրջափուլը մոտենում է իր ավարտին, սակայն սա դեռ միայն սկիզբն է»,- ասաց Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանը։

Ծրագրի մասնակիցների հետազոտական աշխատանքների թեմաները բազմաբնույթ էին՝ «Տարբերակված ուսումնառության ազդեցությունն ընդհանրական և անհատական ուսումնառության արդյունավետության բարձրացման վրա», «Սովորողների մոտիվացիայի բարձրացումը համագործակցային ուսուցման միջոցով», «Ձևավորող գնահատումը՝ սովորողների մոտիվացիան բարձրացնող միջոց» և այլն։

«Այս ծրագիրն ինձ համար ծառայեց որպես ինքնազարգացման խթան, իսկ հետազոտությունս թույլ տվեց ավելի խորությամբ ծանոթանալու և ճանաչելու իմ և աշակերտներիս հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս ամենը շարունակական կլինի»,- հետազոտության ներկայացումից հետո նշեց Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչուհի Աիդա Քերոբյանը։

Մասնակիցների հետազոտական աշխատանքների ներկայացմանը ներկա լինելու նպատակով մարտի 26-29- ը Հայաստան ժամանեցին Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հինգ առաջատար մասնագետ, որոնցից չորսը, բացի հետազոտական աշխատանքներն ունկնդրելուց, նաև առարկայական վերապատրաստումներ իրականացրին մասնակիցների համար։ Այսպիսով՝ մարտի 26-29- ը Հայաստանում էին՝

 դոկտոր Յացեկ Բրանտը, որը հետևեց հետազոտական աշխատանքների ներկայացման ողջ գործընթացին՝ գնահատելու ծրագրի առաջընթացն ու արդյունքները.

 դոկտոր Ջոն Յանդելը, որն իրականացրեց առարկայական վերապատրաստում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ-մասնագետների համար.

 Ջենի Գոլդինգը, որն իրականացրեց առարկայական վերապատրաստում մաթեմատիկայի ուսուցիչ-մասնագետների համար.

 դոկտոր Արթուր Չափմանը, որն իրականացրեց առարկայական վերապատրաստում պատմության ուսուցիչ -մասնագետների համար.

 դոկտոր Մարկ Հարդմանը, որն իրականացրեց առարկայական վերապատրաստում բնագիտական առարկաների ուսուցիչ-մասնագետների համար։

Հետազոտական աշխատանքների ներկայացմանը ներկա գտնվեցին և մասնակիցներին իրենց հարցերն ուղղեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության փոխնախարար Դավիթ Սահակյանը, հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը և աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

Մասնակիցների հավաստագրումը նախատեսվում է ս․ թ․ ամռանը։

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մասին

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրն ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար:

Ծրագիրը մշակվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Կարդալ ավելին
01
Mar
2018

«Այբ» կրթական հիմնադրամում ունենք թափուր աշխատատեղ։

Ծրագրի վերապատրաստող

Մանրամասներին ծանոթանալու համար հետևեք հղմանը։

Կարդալ ավելին
27
Feb
2018

«Այբ» կրթական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համագործակցության շրջանակում փետրվարի 27-ին Երևանում իրականացվեց Արարատյան բակալավրիատի 21 թեկնածու դպրոցների համար նախատեսված հանդիպում-սեմինար՝ ուղղված դպրոցում հոգեբանի դերի բարձրացմանն ու մասնագիտական կողմնորոշման աշխատանքներին: Հանդիպումն անցկացվեց «Այբ» դպրոցում։

Հանդիպմանը ներկա էին ԱԲ-ի 21 թեկնածու դպրոցներից մոտ 40 մասնակից՝ դպրոցի տնօրեններ, մասնագիտացված կրթական աջակցության գծով փոխտնօրեններ, հոգեբաններ և ուսուցիչներ:

Հանդիպումը վարեցին «Այբ» դպրոցի, «Այբ» կրթական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հոգեբաններն ու մասնագիտական կողմնորոշման գծով մասնագետները: 

Հանդիպման առաջին հատվածը նվիրված էր դպրոցում հոգեբանի դերին և գործառույթներին: «Այբ» դպրոցի հոգեբանները ներկայացրին դպրոցում հոգեբանի գործունեության հիմնական նպատակը, ուղղությունները, ինչպես նաև ծանոթացրին տարբեր տարիքի աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների հետ աշխատանքի իրենց փորձին:

 «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հոգեբանն էլ ներկայացրեց դպրոցի հոգեբանի դերի բարձրացմանն ուղղված իրենց աշխատանքն ու փորձը:

 Հանդիպման երկրորդ հատվածում «Այբ» և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամների մասնագետները ներկայացրին մասնագիտական կողմնորոշման աշխատանքները դպրոցում, մանրամասնեցին ավագ դպրոցի աշակերտների հետ աշխատանքի ուղղություններն ու մասնակիցներին հաղորդակից դարձրին իրենց փորձին: 

Երկու հիմնադրամների գործակցությունն այս թեմաների շուրջ շարունակական բնույթ կկրի: Գարնանը նախատեսվում են արդեն գործնական հանդիպումներ հոգեբանների հետ, ինչպես նաև ակտիվ աջակցություն հոգեբանի և մասնագիտական աջակցության աշխատանքներին:

Կարդալ ավելին
22
Feb
2018

«Այբ» կրթական հիմնադրամը համագործակցում է Լոնդոնի համալսարանական քոլեջի (LՀՔ) Կրթության ինստիտուտի հետ՝ մշակելու Արարատյան բակալավրիատի դպրոցների ղեկավար կազմի (տնօրենների և փոխտնօրենների) զարգացման ծրագիրը։

 

Հայաստանում աննախադեպ այս ծրագիրը կմեկնարկի ս․ թ․ մայիսին, և այս նպատակով զրուցել ենք ԼՀՔ Կրթության ինստիտուտի առաջնորդության զարգացման ծրագրերի տնօրեն Ջոնաթան Դեյլի հետ՝ հասկանալու, թե որն է դպրոցի արդյունավետ ղեկավար կազմը, ինչի վրա է ծրագիրը կենտրոնանալու և ինչ կտա այն դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին։

-Պրն Դեյլ, ըստ Ձեզ՝ ո՞րն է դպրոցների ամենամեծ խնդիրն այսօր։

 

- Ես կառանձնացնեի երկուսը։ Առաջինը վերաբերում է ուսուցիչների հավաքագրմանը։ Այսօր ամբողջ աշխարհում դպրոցների ամենամեծ խնդիրներից մեկը հաջորդ սերնդի ուսուցիչներ հավաքագրելն է, քանի որ կասկածից վեր է, որ  աշակերտների ուսումնառության որակը մեծապես կախված է ուսուցիչների դասավանդման որակից։ Կարծում եմ, որ դպրոցների մյուս ամենամեծ խնդիրը աշխարհում ընթացող փոփոխություններին պատրաստ այնպիսի անհատներ ձևավորելն է, որոնք կարող են հաջողությունների հասնել ներկայիս համաշխարհայնացման և տեխնոլոգիաների դարաշրջանում։

 

- Ո՞րն է կատարյալ դպրոցական միջավայրը, և ի՞նչ դեր ունեն դպրոցների տնօրենները դրանում։

 

- Կատարյալ դպրոցական միջավայրը պայմանավորված է տեղի համատեքստով և պետք է ամուր կապ ունենա տեղի համայնքի հետ՝ ներառյալ ծնողական համայնքը։ Այն պետք է առաջարկի այնպիսի կրթակարգ, որն աշակերտներին կպատրաստի ապագային, կզինի անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով և կապահովի անվտանգ միջավայրով, որը կընձեռի նրանց հնարավորություն՝ զարգանալու թե՛ գիտելիքով, թե՛ իբրև հասարակական էակ։

Կարծում եմ՝ տնօրեններն առանցքային դեր են խաղում դրանում, և հատկապես կարևոր է, որ տնօրենները կենտրոնացնեն իրենց ժամանակն ուսումնառության և դասավանդման առաջնորդության վրա՝ հստակ կարևորելով ուսուցիչների զարգացումը, որպեսզի վերջիններս օգնեն աշակերտներին հասնելու բարձրագույն արդյունքների։

 

-Պրն Դեյլ, որո՞նք են այն երեք հատկանիշները, որոնք դպրոցի տնօրենը պետք է ունենա։

 

- Նվիրվածություն, հանձնառություն և պատրաստակամություն։ Դպրոցների տնօրենները պետք է առաջին հերթին լինեն իրենց գործի նվիրյալներ և ունենան երեխաներին ու պատանիներին կրթելու ներքին մղում։ Նաև ցանկալի է, որ նրանք ունենան դասավանդման փորձ։ Երկրորդ՝ նրանք պետք է ունենան հանձնառություն՝ բարելավելու կրթության որակը ոչ միայն պարզապես որևէ առարկայի շրջանակում, այլև ամբողջ դպրոցում։ Եվ երրորդը՝ նրանք պետք է ունենան պատրաստակամություն ու ցանկություն՝ զարգացնելու և աջակցելու իրենց դպրոցի ուսուցիչներին։

 

- Ներկայումս ԼՀՔ Կրթության ինստիտուտը համագործակցում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ ԱԲ-ի դպրոցների ղեկավար կազմի (տնօրենների և փոխտնօրենների) զարգացման ծրագրի մշակման շուրջ։ Ի՞նչ է նախատեսվում ծրագրով։

 

- Լոնդոնի համալսարանական քոլեջը ոգևորված է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Մեզ ոգեշնչում է Հայաստանի ձգտումը ստեղծելու և ներդնելու նոր կրթակարգ, որը բխում է այժմյան աշակերտների և Հայաստանի սոցիալ-տնտեսական կարիքներից։ Այս համագործակցության շրջանակում մենք աջակցում ենք «Այբ»-ին՝ մշակելու ղեկավար կազմի այնպիսի զարգացման ծրագիր, որը շահավետ և օգտակար կլինի հայ տնօրենների համար։ Ծրագիրը նախատեսված է Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների տնօրենների  և փոխտնօրենների համար։ Մեր աշխատանքը կավարտվի 2020 թ․, բայց լիահույս ենք, որ դպրոցների տնօրենների և փոխտնօրենների զարգացումը շարունակական կլինի։

 

-Ի՞նչ կտա ծրագիրը հայ տնօրեններին և փոխտնօրեններին։

 

- Նրանք կվերանայեն իրենց դերը՝ ղեկավարից դառնալով առաջնորդ։ Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու դպրոցների արդյունավետ տնօրենների միջազգային փորձը և հասկանալու, թե ինչպես այն կարող են կիրառել հայկական համատեքստում։ Դպրոցների ղեկավար կազմի զարգացման ծրագիրը կներառի հետևյալ թեմաները՝ մշակել դպրոցի տեսլականը, առաջնորդել և կառավարել ուսումնառության ու դասավանդման գործընթացը, առաջնորդել փոփոխությունների իրականացումը, մշակել անհատական առաջնորդության  կառավարման հմտություններ և այլն։

 

Եթե հակիրճ ասեմ, ապա ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի դերը վերափոխելն է և այնպիսի առաջնորդ ձևավորելը, որը դասավանդման որակն ու աշակերտների ուսումնառության վերջնարդյունքները շատ ավելի բարձր է դասում, քան ադմինիստրատիվ պարտականությունները։ 

 

- Կա՞ որևէ կարգախոս կամ փիլիսոփայություն, որով դպրոցների տնօրենները պետք է առաջնորդվեն։

 

- Իրականում բոլոր դպրոցները տարբեր են, և նույն կերպ տարբերվում են տնօրենների մոտեցումները։ Այնուամենայնիվ, անկախ տարբերություններից՝ նրանք պետք է միավորված լինեն մեկ գաղափարի շուրջ՝ աջակցել իրենց աշակերտներին։ Կյանքում երեխաները դպրոց գնալու միայն մեկ հնարավորություն են ունենում, և խիստ կարևոր է, որ դպրոցի ողջ կազմը՝ լինի ղեկավար, ուսուցչական, թե ադմինիստրատիվ, աջակցի նրանց և նրանց ուսումնառությանը, որպեսզի նրանք լիովին բացահայտեն իրենց ներուժը։ Այս տեսանկյունից կա մեկ կարգախոս, որով բոլոր տնօրենները, անկախ իրավիճակից, կարող են առաջնորդվել՝ «Ոչ մի անտեսված երեխա դպրոցում»։

 

- Պրն Դեյլ, ի՞նչ խորհուրդ կտաք հայկական դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին։

 

- Դպրոցի տնօրեն լինելն աշխարհում ամենակարևոր և միևնույն ժամանակ բարդ աշխատանքներից է։ Խորհուրդս այն է, որ յուրաքանչյուր տնօրեն ստեղծի ամուր ղեկավար կազմ, իրականացնի աշխատանքի և պարտականությունների ճիշտ բաշխում ու պատվիրակում։ Նաև խորհուրդ եմ տալիս ամուր կապեր ստեղծել այլ տնօրենների հետ՝ սեփական փորձն ու տարբեր հարցերի շուրջ կիրառած լուծումները միմյանց փոխանցելու համար։

Կարդալ ավելին
20
Feb
2018

Փետրվարի 18-ին Երևանում և Վանաձորում կենտրոնացված կարգով անցկացվեց Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի դիմորդների առարկայական թեստավորումը։

Ուղիղ երկու ժամ տևած թեստավորմանը մասնակցեց ՀՀ և Արցախի 226 ուսուցիչ։ Քննվող 8 առարկաներն էին՝ հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, անգլերեն և ռուսերեն։

«Ցանկացած մասնագիտության պարագայում մասնագիտական զարգացումը կատարելագործման առաջին գրավականներից է։ Դա հատկապես առանցքային է ուսուցիչների և ուսուցչությամբ զբաղվել ցանկացող բոլոր մասնագետների համար, քանի որ նրանք են կրթում այն անհատին ու քաղաքացուն, որը  ձևավորում է մեր վաղվա հասարակությունը։ Արարատյան բակալավրիատն ընձեռում է մասնագիտական զարգացման եզակի հնարավորություններ, և մեզ համար անչափ ուրախալի է տեսնել ուսուցիչների աճող ոգևորությունը մասնագիտական զարգացման նկատմամբ»,- ասաց ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանը՝ առարկայական թեստավորման ավարտից հետո։

Քննությունների արդյունքները կամփոփվեն մարտի 6-ին, և հաջորդ փուլ անցնելու ծանուցումներ կուղարկվեն քննության բոլոր մասնակիցներին՝ անկախ նրանից՝ հաղթահարել են առարկայական թեստավորումը, թե ոչ։ Առարկայական թեստավորումը հաղթահարած բոլոր դիմորդները կհրավիրվեն անհատական հարցազրույցների, որոնք կանցկացվեն մարտի 12-30-ը։

Խորին երախտագիտություն ենք հայտնում «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանին և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին՝ ծրագրի բարեհաջող իրականացման գործում իրենց ներդրումն ունենալու և երկրորդ տարին անընդմեջ «Այբ» դպրոցում և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ծրագրի դիմորդների առարկայական քննություններն անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար։

 

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մասին

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար: Ծրագիրը մշակվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

�K�}&�

Կարդալ ավելին
07
Feb
2018

Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրում 103 մասնակիցների ուսումնառությունը դեռ շարունակվում է։

Մասնակիցներն արդեն անցել են ուսումնառության գործընթացի կեսից ավելին՝ ավարտելով դեմառդեմ ու առցանց ուսումնառության հիմնական փուլը և թևակոխելով փորձաշրջանի փուլ, երբ նրանք դասավանդում են` փորձարկելով ծրագրի արդյունքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում հետազոտական աշխատանք և համագործակցում անհատական մենտոր-խորհրդատուի հետ։

Հասկանալու համար, թե որքան հմտորեն, արդյունավետորեն ու նպատակային են մասնակիցները կիրառում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև նրանց դասավանդումն ուղղորդելու և դրա կատաելագործմանն աջակցելու համար՝ հունվարի 22-ից փետրվարի 2-ը ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի ավագ փորձագետ-վերապատրաստողները շրջեցին ՀՀ բոլոր մարզերում և Ստեփանակերտում՝ դասալսելու ծրագրում ներգրավված 103 մասնակիցներին։

«Դասալսումները հնարավորություն տվեցին տեսնելու ծրագրի գործնական կիրառությունը, արձանագրելու ուսուցիչների մտածողության մեջ արմատական տեղաշարժեր և զգալու փոփոխությունների այն ծավալը, որը տեղի էր ունենում ծրագրի բոլոր մասնակիցների ջանքերով և բոլորիս աչքի առաջ։ Դասալսումներն ամրապնդեցին իմ վստահությունն առ այն, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով»,- ասաց ծրագրի փորձագետ-վերապատրաստող Լիլիթ Մինասյանը։

Հիշեցնենք, որ Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրն ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար:

Ծրագրի մեկնարկից մինչև ավարտը բոլոր մասնակիցները հավաքում են թղթապանակ, որի կարևորագույն բաղադրիչը սեփական փորձառության հետազոտությունն է, որը նրանք իրականացնում են փորձաշրջանի փուլում։ Թղթապանակը բոլոր մասնակիցների վերջնական գնահատման և հավաստագրման հիմքն է։

Մասնակիցների հետազոտական աշխատանքների հանձնումը նախատեսվում է ս․ թ․ մարտին, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցների հավաստագրումը՝ ս․ թ․ հունիսին։

Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրում 103 մասնակիցների ուսումնառությունը դեռ շարունակվում է։

Մասնակիցներն արդեն անցել են ուսումնառության գործընթացի կեսից ավելին՝ ավարտելով դեմառդեմ ու առցանց ուսումնառության հիմնական փուլը և թևակոխելով փորձաշրջանի փուլ, երբ նրանք դասավանդում են` փորձարկելով ծրագրի արդյունքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում հետազոտական աշխատանք և համագործակցում անհատական մենտոր-խորհրդատուի հետ։

Հասկանալու համար, թե որքան հմտորեն, արդյունավետորեն ու նպատակային են մասնակիցները կիրառում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև նրանց դասավանդումն ուղղորդելու և դրա կատաելագործմանն աջակցելու համար՝ հունվարի 22-ից փետրվարի 2-ը ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի ավագ փորձագետ-վերապատրաստողները շրջեցին ՀՀ բոլոր մարզերում և Ստեփանակերտում՝ դասալսելու ծրագրում ներգրավված 103 մասնակիցներին։

«Դասալսումները հնարավորություն տվեցին տեսնելու ծրագրի գործնական կիրառությունը, արձանագրելու ուսուցիչների մտածողության մեջ արմատական տեղաշարժեր և զգալու փոփոխությունների այն ծավալը, որը տեղի էր ունենում ծրագրի բոլոր մասնակիցների ջանքերով և բոլորիս աչքի առաջ։ Դասալսումներն ամրապնդեցին իմ վստահությունն առ այն, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով»,- ասաց ծրագրի փորձագետ-վերապատրաստող Լիլիթ Մինասյանը։

Հիշեցնենք, որ Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրն ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար:

Ծրագրի մեկնարկից մինչև ավարտը բոլոր մասնակիցները հավաքում են թղթապանակ, որի կարևորագույն բաղադրիչը սեփական փորձառության հետազոտությունն է, որը նրանք իրականացնում են փորձաշրջանի փուլում։ Թղթապանակը բոլոր մասնակիցների վերջնական գնահատման և հավաստագրման հիմքն է։

Մասնակիցների հետազոտական աշխատանքների հանձնումը նախատեսվում է ս․ թ․ մարտին, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցների հավաստագրումը՝ ս․ թ․ հունիսին։

Կարդալ ավելին
07
Feb
2018

Փետրվարի 1-ին ավարտվեց Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրում մասնակիցների ներգրավման համամարզային և Արցախի երկրորդ փուլը, որը մեկնարկել էր 2017 թ․ դեկտեմբերի 13-ին։

Ծրագրում ներգրավվելու դիմում-հայտը լրացրեց և ներկայացրեց ՀՀ և Արցախի 256 մասնագետ-ուսուցիչ ութ առարկայի համար՝ հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, անգլերեն և ռուսերեն։

Ծրագրում մասնակիցների ներգրավումը կատարվում է ընդունելության փուլի երեք հիմնական ենթափուլերով՝ դիմում-հայտերի լրացման և հանձնման, առարկայական թեստավորման և հարցազրույցի։

«Այժմ ընթանում է ներկայացված դիմում-հայտերի ուսումնասիրությունը, որից հետո բոլոր այն դիմորդները, որոնք կհամապատասխանեն ընդունելության փուլի առաջին ենթափուլի պահանջներին, կհրավիրվեն առարկայական թեստավորման, որը կանցկացվի փետրվարի 18-ին՝ կենտրոնացված կարգով՝ երկու վայրում՝ Երևանում և Վանաձորում»,- ասաց ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանը՝ ավելացնելով, որ թեստավորման արդյունքների մասին ծանուցում կստանան թեստավորմանը մասնակցած բոլոր դիմորդները, իսկ այդ փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի անցկացումը նախատեսվում է մարտի 12-30-ը։

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մասին

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար: Ծրագիրը մշակվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Կարդալ ավելին
31
Jan
2018

Շարունակվում է Արարատյան բակալավրիատի դպրոցների ղեկավար կազմի  մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մշակումը, որը մինչև 1 տարի տևողությամբ անվճար տեսական և գործնական դասընթացների շարք է, որի նպատակը ԱԲ-ի դպրոցների տնօրենների և փոխտնօրենների գիտելիքների, հմտությունների և ունակությունների զարգացումն ու 21-րդ դարի դպրոցների կառավարման մոտեցումների մատուցումն է։

Ծրագրի մշակումն իրականացնում է «Այբ» կրթական հիմնադրամը միջազգային գործընկերոջ՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Ծրագրի մշակման աշխատանքների շրջանակում հունվարի 22-23-ին Արարատյան բակալավրիատի դպրոցների զարգացման և համակարգման բաժնի թիմը գտնվում էր Մեծ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ ունեցավ (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի՝ տնօրենների զարգացման գծով առաջատար մասնագետների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին և հստակեցվեցին ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու ղեկավար կազմի զարգացման ուղղությունները, որոնք հիմնականում վերաբերում են դպրոցի բարելավմանն ուղղված տեսլականի և ռազմավարության մշակմանը, համակարգային փոփոխությունների կառավարմանը,  ծնողների և համայնքի հետ համագործակցության ծավալմանը, թիմերի առաջնորդմանը, արդյունավետ հաղորդակցության վարմանը, ինքնազարգացմանը և այլն։

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման շրջանակում մենք ստեղծում ենք նոր դպրոցական ցանց և ուսուցչական համայնք, սահմանում դասավանդման, ուսումնառության և ֆիզիկական միջավայրի ավելի բարձր պահանջներ ու չափանիշներ, և դպրոցների ղեկավար կազմերը չեն կարող անմասն մնալ այս նոր ձևավորվող կրթական իրականությունից։ Արարատյան բակալավրիատի դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը նպատակ ունի ձևավորելու դպրոցների արդյունավետ ղեկավարներ, որոնք հանդես կգան որպես իրենց դպրոցների առաջնորդներ և հանձնառու կլինեն շարունակական զարգացման»,- նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, որը նաև Արարատյան բակալավրիատի դպրոցների զարգացման և համակարգման բաժնի ղեկավարն է։

Ծրագրի մշակումը նախատեսվում է ավարտել 2018 թ․ գարնանը։ Ծրագիրը պաշտոնապես կմեկնարկի ս․թ․ մայիսին։

fJ1rzw

Կարդալ ավելին
13
Dec
2017

Այսօր մեկնարկում է Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրում մասնակիցների ներգրավման նոր փուլը, որին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 1-ն է:

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրն ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար:

Այն իրականացվում է դեմառդեմ և առցանց ուսումնառությամբ: Ծրագրի մեկնարկից մինչև ավարտը բոլոր մասնակիցները հավաքում են թղթապանակ և կատարում հետազոտություն, որը նրանց վերջնական գնահատման և հավաստագրման հիմքն է։

Ծրագրին մասնակցելու դիմում-հայտը հասանելի է այստեղ։ Ծրագրին դիմելու փուլերին ու քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նոր փուլին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր՝

• ունեն մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մանկավարժական ստաժ և դասավանդում են / ցանկանում են դասավանդել հետևյալ առարկաներից մեկը՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, անգլերեն և ռուսերեն.

• սովորում են բակալավրիատի կամ մագիստրատուրայի վերջին կուրսում՝ նշված առարկաներից որևէ մեկի մասնագիտացմամբ՝ մանկավարժական որակավորման հնարավորությամբ։

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով՝ առաջին հերթին ԱԲ-ի թեկնածու դպրոցներից։ Այնուհետև նրանց ներգրավումը կկատարվի հետևյալ առաջնահերթությամբ՝ ԱԲ-ի թեկնածու դպրոցներին մոտ բնակավայրերից, տվյալ մարզից, հարևան մարզերից և Երևանից։ Նշենք, որ երևանաբնակ դիմորդները կարող են մասնակցել ընդունելության փուլերին, միայն եթե պատրաստ են ծրագիրն ավարտելուց հետո աշխատել ՀՀ մարզային և Արցախի դպրոցներում։ Հավասար պայմանների դեպքում առաջնահերթություն կտրվի մարզերից դիմորդներին:

Մասնակցությունը ծրագրին անվճար է բոլոր մասնակիցների համար։ 

Առարկայական քննություններին նախապատրաստվելու ամբողջական ուղեցույցները՝​

Հայոց լեզու և գրականություն
Հայոց պատմություն
Քիմիա
Ֆիզիկա
Կենսաբանություն
Մաթեմատիկա
Անգլերեն
Ռուսերեն

Կարդալ ավելին
23
Nov
2017

Այսօր «Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ  հիմնադրամը (COAF) իրենց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։

Կողմերը կհամագործակցեն «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի և շահառու համայնքներում Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերի շրջանակում։

Հուշագիրը, մասնավորապես, ուղղված է գործող ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակում երկու հիմնադրամների միջև փորձի փոխանակմանը, համատեղ մեթոդական ուղեցույցների, կրթական և վերապատրաստման գործիքների մշակմանն ու կիրառմանը, փորձագիտական և մասնագիտական ներուժի և առկա այլ ռեսուրսների օգտագործման հնարավորության դիտարկմանը, Լոռու մարզի Դեբետ համայնքում կառուցվող ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ հետագայում՝ նաև այլ մարզերի ՍՄԱՐԹ կենտրոններում համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցներում, այդ թվում` Արմավիրի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի մարզերում դպրոցների զարգացման գործընթացներին աջակցություն ցուցաբերելուն։

«Այբ» կրթական հիմնադրամի անունից հուշագիրը ստորագրեց գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամի անունից՝ գործադիր տնօրենի  պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։

««Այբ» կրթական հիմնադրամի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի տարաբնույթ կրթական ծրագրերի նպատակն է՝ նպաստել առավել մրցունակ և պատասխանատու սերնդի ձևավորմանը և այդպիսով մեր ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում։ Լիահույս եմ, որ մեր ներդրած համատեղ ջանքերը մոտ ապագայում տեսանելի արդյունքներ կարձանագրեն»,- նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

«Ըստ չինական հայտնի ասացվածքի՝ եթե պլաններ ես կազմում մեկ տարվա համար, ապա բրինձ ցանիր, եթե պլաններ ես կազմում տասնամյակի համար, ծառեր տնկիր, իսկ եթե պլանավորում ես կյանքիդ ողջ ժամանակահատվածը, ապա կրթիր մարդկանց, ներդրում կատարիր կրթության մեջ։ Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու «Այբ» կրթական հիմնադրամը միավորված են հենց այս գաղափարախոսության շուրջ, հավատում են դրան և սույն հուշագրի ստորագրմամբ ևս մեկ կարևոր քայլ են կատարում՝ ուղղված մեր երկրի կրթական բարեփոխումներին»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենի  պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ. Մեսրոպ քհն. Արամյանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենը և երկու հիմնադրամների ներկայացուցիչները։

Կարդալ ավելին
17
Nov
2017

Նոյեմբերի 15-16-ին Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի ղեկավար Թոմ Սամուելյանը և կենտրոնի ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը մասնակցեցին Մեծ Բրիտանիայի Էդինբուրգ քաղաքում անցկացվող Միջազգային դպրոցների խորհրդի տարեկան գիտաժողովին (CIS)։

Այս տարի գիտաժողովին մասնակցեցին 800-ից ավելի դպրոցներ և համալսարաններ աշխարհի 70-ից ավելի երկրից, այդ թվում՝ Կանադայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ավստրիայից, Շվեյցարիայից և այլն։

Գիտաժողովի շրջանակում Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի ներկայացուցիչներն ավելի քան 50 համալսարանի ներկայացրին «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված որակավորումը և «Այբ» դպրոցը որպես որակավորումն առաջարկող առաջին կրթօջախը Հայաստանում։

«Այս երկօրյա գիտաժողովը հիանալի հնարավորություն ընձեռեց մեզ ոչ միայն կապեր ստեղծելու այլ դպրոցների և մասնավորապես համալսարանների հետ և մասնակցելու մասնագիտական զարգացմանն ուղղված տարատեսակ հանդիպումների, այլև միջազգային կրթական հանրությանը ներկայացնելու «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը՝ այդպիսով նաև խթանելով որակավորման միջազգային ճանաչումը աշխարհի առաջատար համալսարանների կողմից»,- նշեց Ռուզաննա Մայիլյանը։

Արարատյան բակալավրիատի մասին

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Այն կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին՝ ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում։ ԱԲ-ը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ:

ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի և Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության» կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։

Կարդալ ավելին
10
Oct
2017

Հոկտեմբերի 9-ին առաջին անգամ Հայաստանում էր աշխարհի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի՝ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության գործադիր տնօրեն Մայքլ Օ՛Սալիվանը:

Պրն Սալիվանի այցի նպատակն էր՝ ամփոփել «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի հետ եռամյա համագործակցության արդյունքները և քննարկել հետագա ծրագրերը։

Հիշեցնենք, որ համագործակցության շրջանակում Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը տրամադրում է աջակցություն ԱԲ-ի հայալեզու քննությունների մշակման և ԱԲ-ի քննական որակավորումների միջազգային ճանաչման գործում։

Մեկօրյա այցի ընթացքում Մայքլ Օ՛Սալիվանը շրջեց ԱԲ ծրագիրն առաջարկող առաջին կրթօջախում՝ «Այբ» դպրոցում՝ ծանոթանալով դպրոցի առօրյա կյանքին, տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև աշակերտների կողմից իրականացվող հանրօգուտ ծրագրերին:

Այնուհետև Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրենը հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որն ընդգծեց, որ «Այբ» կրթական հիմնադրամի ու ծրագրի միջազգային գործընկեր Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի համագործակցությունը Հայաստանին կօգնի նոր թափ հաղորդելու հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ կրթություն տրամադրել աշակերտներին: «Այս նպատակի իրականացման գործում կարևոր է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում Արարատյան բակալավրիատի ներդրումը՝ միտված հայկական կրթական լավագույն ավանդույթների և ժամանակակից կրթության առաջատար փորձի հիման վրա միջազգային ճանաչելի և մրցունակ համակարգի ձևավորմանը»,- նշեց ՀՀ նախագահը:

Մայքլ Օ՛Սալիվանն ասաց, որ Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնն աշխատում է աշխարհի բազմաթիվ երկրների կրթական համակարգերի բարեփոխման ուղղությամբ՝ լավագույն փորձի տեղայնացմամբ և ոչ թե կրկնօրինակմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված են լավագույն հիմքերը նման բարեփոխումների իրականացման համար: «Հայաստանում՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, մենք ունենք լավ գործընկեր, որի հետ համագործակցությամբ հնարավոր է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները»- նշեց Մայքլ Օ՛Սալիվանը:

Կարդալ ավելին