Այսօր «Այբ» կրթական հիմնադրամը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) իրենց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Կողմերը կհամագործակցեն «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի և շահառու համայնքներում Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերի շրջանակում։
Հուշագիրը, մասնավորապես, ուղղված է գործող ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակում երկու հիմնադրամների միջև փորձի փոխանակմանը, համատեղ մեթոդական ուղեցույցների, կրթական և վերապատրաստման գործիքների մշակմանն ու կիրառմանը, փորձագիտական և մասնագիտական ներուժի և առկա այլ ռեսուրսների օգտագործման հնարավորության դիտարկմանը, Լոռու մարզի Դեբետ համայնքում կառուցվող ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ հետագայում՝ նաև այլ մարզերի ՍՄԱՐԹ կենտրոններում համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցներում, այդ թվում` Արմավիրի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի մարզերում դպրոցների զարգացման գործընթացներին աջակցություն ցուցաբերելուն։
«Այբ» կրթական հիմնադրամի անունից հուշագիրը ստորագրեց գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամի անունից՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։
««Այբ» կրթական հիմնադրամի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի տարաբնույթ կրթական ծրագրերի նպատակն է՝ նպաստել առավել մրցունակ և պատասխանատու սերնդի ձևավորմանը և այդպիսով մեր ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում։ Լիահույս եմ, որ մեր ներդրած համատեղ ջանքերը մոտ ապագայում տեսանելի արդյունքներ կարձանագրեն»,- նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։
«Ըստ չինական հայտնի ասացվածքի՝ եթե պլաններ ես կազմում մեկ տարվա համար, ապա բրինձ ցանիր, եթե պլաններ ես կազմում տասնամյակի համար, ծառեր տնկիր, իսկ եթե պլանավորում ես կյանքիդ ողջ ժամանակահատվածը, ապա կրթիր մարդկանց, ներդրում կատարիր կրթության մեջ։ Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու «Այբ» կրթական հիմնադրամը միավորված են հենց այս գաղափարախոսության շուրջ, հավատում են դրան և սույն հուշագրի ստորագրմամբ ևս մեկ կարևոր քայլ են կատարում՝ ուղղված մեր երկրի կրթական բարեփոխումներին»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանը։
Հուշագրի ստորագրմանը ներկա էին Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ. Մեսրոպ քհն. Արամյանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ, դոկտոր Գարո Արմենը և երկու հիմնադրամների ներկայացուցիչները։