2014 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Անգլիայի Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսեց լայնածավալ կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ), որի նպատակն է վերափոխել դպրոցական կրթությունը Հայաստանում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։
Ծրագրի նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգայնորեն մրցունակ դպրոցական կրթական ծրագիր՝ Արարատյան բակալավրիատը, և կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ՝ գրավիչ դարձնելով կրթության սպասավորի մասնագիտությունը։
Ծրագրի նպատակն է ստեղծել դասավանդման համաշխարհային լավագույն փորձով ու գիտելիքներով զինված մրցունակ ուսուցիչների համայնք, որն առանցքային դեր կխաղա Հայաստանի հանրակրթական համակարգի մրցունակության բարձրացման գործում՝ նպաստելով երկրում կրթության զարգացմանն ու առաջընթացին։ Նպատակն իրագործելու համար մշակվել է ուսուցիչների զարգացման երկարաժամկետ և համապարփակ ծրագիր, որին մասնակցելուց և հավաստագրվելուց հետո նրանցից յուրաքանչյուրը կփոխանցի ձեռք բերած գիտելիքներն ու դասավանդման մեթոդները հարյուրավոր այլ ուսուցիչների։
«Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ «Այբ»-ը հիմնադրել են 2006 թվականին մարդիկ, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և, ունենալով իրենց ժամանակը, ջանքերն ու նյութական միջոցները ներդնելու բազմաթիվ հնարավորություններ, կամենում են նպաստել երկրի զարգացմանը՝ միասնական ներդրմամբ ստեղծելով Հայաստանում բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր: Այսօր «Այբ»-ը դարձել է փորձագիտական հաստատություն Հայաստանի կրթության ոլորտում:
Իր տասնամյա աշխատանքի ընթացքում «Այբ» հիմնադրամն իրականացրել է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով և իրագործելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում ամբողջ կրթական համակարգի փոփոխությունների համար: «Այբ»-ի ծրագրերը յուրօրինակ համադրություն են ազգային հարուստ կրթական ժառանգության և համաշխարհային առաջատար փորձի։ Մենք ձգտում ենք Հայաստանը դարձնել երկիր, որը ոչ միայն առաջարկում է միջազգայնորեն ճանաչելի նոր ու որակյալ կրթություն, այլև կարևոր տեղ է զբաղեցնում միջազգային կրթական ասպարեզում: Այս նպատակով «Այբ»-ը կազմակերպում և իրականացնում է մի շարք կրթական նախաձեռնություններ, որոնց կարևոր մասը ներկայացված է ստորև։
Արարատյան բակալավրիատը սկիզբ է առել «Այբ» դպրոցից, որտեղ փորձարկվել և կատարելագործվել են հայկական դասավանդման և ուսումնառության համաշխարհային լավագույն ավանդույթները՝ ստեղծելու հայկական կրթության նոր և ավելի արդյունավետ մոտեցում։
Այն սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հենքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել: «Այբ» դպրոցի առաքելությունն է՝ ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդ:
«Այբ» դպրոցը «Այբ» կրթական ավանի առանցքային տարրն է։ Այն եռաստիճան է․ ներառում է տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) բաղադրիչներ: 2017 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ դպրոցում սովորում է 398 աշակերտ։
Նախատեսվում է, որ մի քանի տարի անց «Այբ» կրթական ավանը իր տանիքի տակ կընդունի ավելի քան 800 աշակերտ։
Դպրոցը մենք դիտում ենք որպես ոչ միայն գիտելիքներ ու հմտություններ փոխանցող հաստատություն, այլ հասարակական կյանքի ամենահիմնարար հասկացություն: Դպրոցում է ձևավորվում մարդը որպես հասարակության անդամ և որպես որոշակի ընդհանրական գիտակցության կրող, դպրոցը տվյալ ժողովրդի ժառանգության և համամարդկային ձեռքբերումների փոխանցման հանգույցն է: Դպրոցը ոչ միայն համայնք է ինքնին, այլ առավել լայն համայնքի՝ հասարակության, ժողովրդի կենսական գործունեության կենտրոն: Դպրոցական ակումբները կրթվող համայնքի զարկերակներն են: Դպրոցական թատրոնը, կինոթատրոնը, ցուցասրահները, գրադարանները, այգիները համայնքի մշակութային կյանքի կարևոր գործառույթներ ունեն:
Կարդացեք «Այբ» դպրոցի մասին ավելի մանրամասն այստեղ՝ http://foundation.ayb.am/hy/projects/ayb-school