«Այբ» կրթական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համագործակցության շրջանակում փետրվարի 27-ին Երևանում իրականացվեց Արարատյան բակալավրիատի 21 թեկնածու դպրոցների համար նախատեսված հանդիպում-սեմինար՝ ուղղված դպրոցում հոգեբանի դերի բարձրացմանն ու մասնագիտական կողմնորոշման աշխատանքներին: Հանդիպումն անցկացվեց «Այբ» դպրոցում։
Հանդիպմանը ներկա էին ԱԲ-ի 21 թեկնածու դպրոցներից մոտ 40 մասնակից՝ դպրոցի տնօրեններ, մասնագիտացված կրթական աջակցության գծով փոխտնօրեններ, հոգեբաններ և ուսուցիչներ:
Հանդիպումը վարեցին «Այբ» դպրոցի, «Այբ» կրթական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հոգեբաններն ու մասնագիտական կողմնորոշման գծով մասնագետները:
Հանդիպման առաջին հատվածը նվիրված էր դպրոցում հոգեբանի դերին և գործառույթներին: «Այբ» դպրոցի հոգեբանները ներկայացրին դպրոցում հոգեբանի գործունեության հիմնական նպատակը, ուղղությունները, ինչպես նաև ծանոթացրին տարբեր տարիքի աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների հետ աշխատանքի իրենց փորձին:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հոգեբանն էլ ներկայացրեց դպրոցի հոգեբանի դերի բարձրացմանն ուղղված իրենց աշխատանքն ու փորձը:
Հանդիպման երկրորդ հատվածում «Այբ» և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամների մասնագետները ներկայացրին մասնագիտական կողմնորոշման աշխատանքները դպրոցում, մանրամասնեցին ավագ դպրոցի աշակերտների հետ աշխատանքի ուղղություններն ու մասնակիցներին հաղորդակից դարձրին իրենց փորձին:
Երկու հիմնադրամների գործակցությունն այս թեմաների շուրջ շարունակական բնույթ կկրի: Գարնանը նախատեսվում են արդեն գործնական հանդիպումներ հոգեբանների հետ, ինչպես նաև ակտիվ աջակցություն հոգեբանի և մասնագիտական աջակցության աշխատանքներին: