Այսօր մեկնարկում է Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրում մասնակիցների ներգրավման նոր փուլը, որին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 1-ն է:
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրն ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար:
Այն իրականացվում է դեմառդեմ և առցանց ուսումնառությամբ: Ծրագրի մեկնարկից մինչև ավարտը բոլոր մասնակիցները հավաքում են թղթապանակ և կատարում հետազոտություն, որը նրանց վերջնական գնահատման և հավաստագրման հիմքն է։
Ծրագրին մասնակցելու դիմում-հայտը հասանելի է այստեղ։ Ծրագրին դիմելու փուլերին ու քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նոր փուլին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր՝
• ունեն մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մանկավարժական ստաժ և դասավանդում են / ցանկանում են դասավանդել հետևյալ առարկաներից մեկը՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, անգլերեն և ռուսերեն.
• սովորում են բակալավրիատի կամ մագիստրատուրայի վերջին կուրսում՝ նշված առարկաներից որևէ մեկի մասնագիտացմամբ՝ մանկավարժական որակավորման հնարավորությամբ։
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով՝ առաջին հերթին ԱԲ-ի թեկնածու դպրոցներից։ Այնուհետև նրանց ներգրավումը կկատարվի հետևյալ առաջնահերթությամբ՝ ԱԲ-ի թեկնածու դպրոցներին մոտ բնակավայրերից, տվյալ մարզից, հարևան մարզերից և Երևանից։ Նշենք, որ երևանաբնակ դիմորդները կարող են մասնակցել ընդունելության փուլերին, միայն եթե պատրաստ են ծրագիրն ավարտելուց հետո աշխատել ՀՀ մարզային և Արցախի դպրոցներում։ Հավասար պայմանների դեպքում առաջնահերթություն կտրվի մարզերից դիմորդներին:
Մասնակցությունը ծրագրին անվճար է բոլոր մասնակիցների համար։
Առարկայական քննություններին նախապատրաստվելու ամբողջական ուղեցույցները՝
Հայոց լեզու և գրականություն
Հայոց պատմություն
Քիմիա
Ֆիզիկա
Կենսաբանություն
Մաթեմատիկա
Անգլերեն
Ռուսերեն