Հոկտեմբերի 9-ին առաջին անգամ Հայաստանում էր աշխարհի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկի՝ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության գործադիր տնօրեն Մայքլ Օ՛Սալիվանը:
Պրն Սալիվանի այցի նպատակն էր՝ ամփոփել «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի հետ եռամյա համագործակցության արդյունքները և քննարկել հետագա ծրագրերը։
Հիշեցնենք, որ համագործակցության շրջանակում Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը տրամադրում է աջակցություն ԱԲ-ի հայալեզու քննությունների մշակման և ԱԲ-ի քննական որակավորումների միջազգային ճանաչման գործում։
Մեկօրյա այցի ընթացքում Մայքլ Օ՛Սալիվանը շրջեց ԱԲ ծրագիրն առաջարկող առաջին կրթօջախում՝ «Այբ» դպրոցում՝ ծանոթանալով դպրոցի առօրյա կյանքին, տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև աշակերտների կողմից իրականացվող հանրօգուտ ծրագրերին:
Այնուհետև Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրենը հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որն ընդգծեց, որ «Այբ» կրթական հիմնադրամի ու ծրագրի միջազգային գործընկեր Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի համագործակցությունը Հայաստանին կօգնի նոր թափ հաղորդելու հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ կրթություն տրամադրել աշակերտներին: «Այս նպատակի իրականացման գործում կարևոր է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում Արարատյան բակալավրիատի ներդրումը՝ միտված հայկական կրթական լավագույն ավանդույթների և ժամանակակից կրթության առաջատար փորձի հիման վրա միջազգային ճանաչելի և մրցունակ համակարգի ձևավորմանը»,- նշեց ՀՀ նախագահը:
Մայքլ Օ՛Սալիվանն ասաց, որ Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնն աշխատում է աշխարհի բազմաթիվ երկրների կրթական համակարգերի բարեփոխման ուղղությամբ՝ լավագույն փորձի տեղայնացմամբ և ոչ թե կրկնօրինակմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված են լավագույն հիմքերը նման բարեփոխումների իրականացման համար: «Հայաստանում՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, մենք ունենք լավ գործընկեր, որի հետ համագործակցությամբ հնարավոր է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները»- նշեց Մայքլ Օ՛Սալիվանը: