Վերափոխելով տնօրենների դերը Արարատյան բակալավրիատի դպրոցներում

Շարունակվում է Արարատյան բակալավրիատի դպրոցների ղեկավար կազմի  մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մշակումը, որը մինչև 1 տարի տևողությամբ անվճար տեսական և գործնական դասընթացների շարք է, որի նպատակը ԱԲ-ի դպրոցների տնօրենների և փոխտնօրենների գիտելիքների, հմտությունների և ունակությունների զարգացումն ու 21-րդ դարի դպրոցների կառավարման մոտեցումների մատուցումն է։

Ծրագրի մշակումն իրականացնում է «Այբ» կրթական հիմնադրամը միջազգային գործընկերոջ՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Ծրագրի մշակման աշխատանքների շրջանակում հունվարի 22-23-ին Արարատյան բակալավրիատի դպրոցների զարգացման և համակարգման բաժնի թիմը գտնվում էր Մեծ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ ունեցավ (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի՝ տնօրենների զարգացման գծով առաջատար մասնագետների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին և հստակեցվեցին ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու ղեկավար կազմի զարգացման ուղղությունները, որոնք հիմնականում վերաբերում են դպրոցի բարելավմանն ուղղված տեսլականի և ռազմավարության մշակմանը, համակարգային փոփոխությունների կառավարմանը,  ծնողների և համայնքի հետ համագործակցության ծավալմանը, թիմերի առաջնորդմանը, արդյունավետ հաղորդակցության վարմանը, ինքնազարգացմանը և այլն։

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման շրջանակում մենք ստեղծում ենք նոր դպրոցական ցանց և ուսուցչական համայնք, սահմանում դասավանդման, ուսումնառության և ֆիզիկական միջավայրի ավելի բարձր պահանջներ ու չափանիշներ, և դպրոցների ղեկավար կազմերը չեն կարող անմասն մնալ այս նոր ձևավորվող կրթական իրականությունից։ Արարատյան բակալավրիատի դպրոցների ղեկավար կազմի մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը նպատակ ունի ձևավորելու դպրոցների արդյունավետ ղեկավարներ, որոնք հանդես կգան որպես իրենց դպրոցների առաջնորդներ և հանձնառու կլինեն շարունակական զարգացման»,- նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը, որը նաև Արարատյան բակալավրիատի դպրոցների զարգացման և համակարգման բաժնի ղեկավարն է։

Ծրագրի մշակումը նախատեսվում է ավարտել 2018 թ․ գարնանը։ Ծրագիրը պաշտոնապես կմեկնարկի ս․թ․ մայիսին։

fJ1rzw