Ջոնաթան Դեյլ․ «Ոչ մի երեխա չպետք է անտեսվի դպրոցում»

«Այբ» կրթական հիմնադրամը համագործակցում է Լոնդոնի համալսարանական քոլեջի (LՀՔ) Կրթության ինստիտուտի հետ՝ մշակելու Արարատյան բակալավրիատի դպրոցների ղեկավար կազմի (տնօրենների և փոխտնօրենների) զարգացման ծրագիրը։

 

Հայաստանում աննախադեպ այս ծրագիրը կմեկնարկի ս․ թ․ մայիսին, և այս նպատակով զրուցել ենք ԼՀՔ Կրթության ինստիտուտի առաջնորդության զարգացման ծրագրերի տնօրեն Ջոնաթան Դեյլի հետ՝ հասկանալու, թե որն է դպրոցի արդյունավետ ղեկավար կազմը, ինչի վրա է ծրագիրը կենտրոնանալու և ինչ կտա այն դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին։

-Պրն Դեյլ, ըստ Ձեզ՝ ո՞րն է դպրոցների ամենամեծ խնդիրն այսօր։

 

- Ես կառանձնացնեի երկուսը։ Առաջինը վերաբերում է ուսուցիչների հավաքագրմանը։ Այսօր ամբողջ աշխարհում դպրոցների ամենամեծ խնդիրներից մեկը հաջորդ սերնդի ուսուցիչներ հավաքագրելն է, քանի որ կասկածից վեր է, որ  աշակերտների ուսումնառության որակը մեծապես կախված է ուսուցիչների դասավանդման որակից։ Կարծում եմ, որ դպրոցների մյուս ամենամեծ խնդիրը աշխարհում ընթացող փոփոխություններին պատրաստ այնպիսի անհատներ ձևավորելն է, որոնք կարող են հաջողությունների հասնել ներկայիս համաշխարհայնացման և տեխնոլոգիաների դարաշրջանում։

 

- Ո՞րն է կատարյալ դպրոցական միջավայրը, և ի՞նչ դեր ունեն դպրոցների տնօրենները դրանում։

 

- Կատարյալ դպրոցական միջավայրը պայմանավորված է տեղի համատեքստով և պետք է ամուր կապ ունենա տեղի համայնքի հետ՝ ներառյալ ծնողական համայնքը։ Այն պետք է առաջարկի այնպիսի կրթակարգ, որն աշակերտներին կպատրաստի ապագային, կզինի անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով և կապահովի անվտանգ միջավայրով, որը կընձեռի նրանց հնարավորություն՝ զարգանալու թե՛ գիտելիքով, թե՛ իբրև հասարակական էակ։

Կարծում եմ՝ տնօրեններն առանցքային դեր են խաղում դրանում, և հատկապես կարևոր է, որ տնօրենները կենտրոնացնեն իրենց ժամանակն ուսումնառության և դասավանդման առաջնորդության վրա՝ հստակ կարևորելով ուսուցիչների զարգացումը, որպեսզի վերջիններս օգնեն աշակերտներին հասնելու բարձրագույն արդյունքների։

 

-Պրն Դեյլ, որո՞նք են այն երեք հատկանիշները, որոնք դպրոցի տնօրենը պետք է ունենա։

 

- Նվիրվածություն, հանձնառություն և պատրաստակամություն։ Դպրոցների տնօրենները պետք է առաջին հերթին լինեն իրենց գործի նվիրյալներ և ունենան երեխաներին ու պատանիներին կրթելու ներքին մղում։ Նաև ցանկալի է, որ նրանք ունենան դասավանդման փորձ։ Երկրորդ՝ նրանք պետք է ունենան հանձնառություն՝ բարելավելու կրթության որակը ոչ միայն պարզապես որևէ առարկայի շրջանակում, այլև ամբողջ դպրոցում։ Եվ երրորդը՝ նրանք պետք է ունենան պատրաստակամություն ու ցանկություն՝ զարգացնելու և աջակցելու իրենց դպրոցի ուսուցիչներին։

 

- Ներկայումս ԼՀՔ Կրթության ինստիտուտը համագործակցում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ ԱԲ-ի դպրոցների ղեկավար կազմի (տնօրենների և փոխտնօրենների) զարգացման ծրագրի մշակման շուրջ։ Ի՞նչ է նախատեսվում ծրագրով։

 

- Լոնդոնի համալսարանական քոլեջը ոգևորված է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Մեզ ոգեշնչում է Հայաստանի ձգտումը ստեղծելու և ներդնելու նոր կրթակարգ, որը բխում է այժմյան աշակերտների և Հայաստանի սոցիալ-տնտեսական կարիքներից։ Այս համագործակցության շրջանակում մենք աջակցում ենք «Այբ»-ին՝ մշակելու ղեկավար կազմի այնպիսի զարգացման ծրագիր, որը շահավետ և օգտակար կլինի հայ տնօրենների համար։ Ծրագիրը նախատեսված է Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների տնօրենների  և փոխտնօրենների համար։ Մեր աշխատանքը կավարտվի 2020 թ․, բայց լիահույս ենք, որ դպրոցների տնօրենների և փոխտնօրենների զարգացումը շարունակական կլինի։

 

-Ի՞նչ կտա ծրագիրը հայ տնօրեններին և փոխտնօրեններին։

 

- Նրանք կվերանայեն իրենց դերը՝ ղեկավարից դառնալով առաջնորդ։ Նրանք հնարավորություն կունենան ուսումնասիրելու դպրոցների արդյունավետ տնօրենների միջազգային փորձը և հասկանալու, թե ինչպես այն կարող են կիրառել հայկական համատեքստում։ Դպրոցների ղեկավար կազմի զարգացման ծրագիրը կներառի հետևյալ թեմաները՝ մշակել դպրոցի տեսլականը, առաջնորդել և կառավարել ուսումնառության ու դասավանդման գործընթացը, առաջնորդել փոփոխությունների իրականացումը, մշակել անհատական առաջնորդության  կառավարման հմտություններ և այլն։

 

Եթե հակիրճ ասեմ, ապա ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի դերը վերափոխելն է և այնպիսի առաջնորդ ձևավորելը, որը դասավանդման որակն ու աշակերտների ուսումնառության վերջնարդյունքները շատ ավելի բարձր է դասում, քան ադմինիստրատիվ պարտականությունները։ 

 

- Կա՞ որևէ կարգախոս կամ փիլիսոփայություն, որով դպրոցների տնօրենները պետք է առաջնորդվեն։

 

- Իրականում բոլոր դպրոցները տարբեր են, և նույն կերպ տարբերվում են տնօրենների մոտեցումները։ Այնուամենայնիվ, անկախ տարբերություններից՝ նրանք պետք է միավորված լինեն մեկ գաղափարի շուրջ՝ աջակցել իրենց աշակերտներին։ Կյանքում երեխաները դպրոց գնալու միայն մեկ հնարավորություն են ունենում, և խիստ կարևոր է, որ դպրոցի ողջ կազմը՝ լինի ղեկավար, ուսուցչական, թե ադմինիստրատիվ, աջակցի նրանց և նրանց ուսումնառությանը, որպեսզի նրանք լիովին բացահայտեն իրենց ներուժը։ Այս տեսանկյունից կա մեկ կարգախոս, որով բոլոր տնօրենները, անկախ իրավիճակից, կարող են առաջնորդվել՝ «Ոչ մի անտեսված երեխա դպրոցում»։

 

- Պրն Դեյլ, ի՞նչ խորհուրդ կտաք հայկական դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին։

 

- Դպրոցի տնօրեն լինելն աշխարհում ամենակարևոր և միևնույն ժամանակ բարդ աշխատանքներից է։ Խորհուրդս այն է, որ յուրաքանչյուր տնօրեն ստեղծի ամուր ղեկավար կազմ, իրականացնի աշխատանքի և պարտականությունների ճիշտ բաշխում ու պատվիրակում։ Նաև խորհուրդ եմ տալիս ամուր կապեր ստեղծել այլ տնօրենների հետ՝ սեփական փորձն ու տարբեր հարցերի շուրջ կիրառած լուծումները միմյանց փոխանցելու համար։