«Իմ մանկավարժական 35 տարիների ընթացքում բազմաթիվ վերապատրաստումների եմ մասնակցել, բայց երջանիկ եմ, որ իմ այս մանկավարժական հավանաբար վերջաբանում առիթ ունեցա մասնակցելու նման զարգացման ծրագրի»։
Վայքի ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Կիմա Օհանեսյանը մեկն էր ՀՀ մարզերի և Արցախի այն 97 ուսուցիչներից, որոնք հունիսի 27-ին հավաստագրվեցին որպես Արարատյան բակալավրիատի ուսուցիչ։
2017 թ․ մարտին Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրում ներգրավվելու դիմում-հայտ էր ներկայացրել շուրջ 300 խիզախ ուսուցիչ, որոնք հանձնեցին առարկայական քննություն և մասնակցեցին մասնագիտական հարցազրույցի։ Նրանցից ընտրության փուլը հաղթահարեց միայն 110-ը, որոնք էլ ներգրավվեցին 1 տարի տևողությամբ անվճար մասնագիտական զարգացման ծրագրում։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք տեսանք այնպիսի ուսուցիչների, որոնք չվախեցան ռիսկի գնալ և, հաղթահարելով ընտրության բոլոր փուլերը, մասնակցեցին մի ծրագրի, որը մեծահասակների կրթության բոլորովին նոր մշակույթ էր Հայաստանում։ Նրանք սովորեցին լինել համարձակ, բաց՝ համագործակցության համար և սովորեցին միմյանցից սովորել։ Անչափ ուրախ և հպարտ եմ ձեզնով»,- մասնակիցների հավաստագրման միջոցառման իր բացման խոսքում նշեց Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման բաժնի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանը։
Միջոցառմանը խոսքով նաև հանդես եկան Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ավագ դասախոս դոկտոր Յացեկ Բրանտը և Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն․ Արամյանը։
«Ինձ համար պատիվ է այսօր լինել Երևանում և ձեզ հետ միասին տոնել ձեր հաջողությունը։ Այն, ինչին մենք հասել ենք վերջին մեկ տարում, ուշագրավ է։ Հայերեն ասացվածք կա՝ «Ջրի բերածը ջուրը կտանի», բայց սա բնավ ձեր մասին չէ, քանի որ ոչ ոք ձեզնից չի կարող խլել ձեր հաջողությունը կամ ձեռք բերածը»,- նշեց Յացեկ Բրանտը, որի խոսքին հաջորդեց հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։
Հավաստագրերը մասնակիցներին հանձնեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մամիկոնյանը։
«Ուսուցչությունը լուրջ զարգացման ծրագիր պահանջող մասնագիտություն է, որովհետև այդ մասնագետի ձեռքում է ժողովրդի ապագան։ Ուսուցիչները պետք է թռչելու թևեր տան նոր սերունդներին»,- միջոցառումը եզրափակեց Տ․ Մեսրոպ քհն․ Արամյանը։
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մասին՝ համառոտ
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրն ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, մեկ տարի տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից` նախատեսված ինչպես գործող, այնպես էլ նոր ուսուցիչների համար։
Ծրագրին մասնակցությունը պարտադիր է «Արարատյան բակալավրիատ» ծրագրով դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար:
Ծրագրի առաջին հատվածն իրականացվում է դեմառդեմ և առցանց ուսումնառության միջոցով, իսկ երկրորդ հատվածը փորձաշրջան է, երբ մասնակիցները դասավանդում են` փորձարկելով ծրագրի արդյունքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, և համագործակցում իրենց մենտոր-խորհրդատուի հետ։
Ուսումնառության ողջ ընթացքում մասնակիցները կազմում են թղթապանակ, որի կարևորագույն բաղադրիչը սեփական փորձառության հետազոտությունն է։ Թղթապանակի նպատակը մասնակիցների աշխատանքի վկայությունները հավաքելն է և առաջընթացը գնահատելը՝ ԱԲ-ի ուսուցչի չափանիշներին համապատասխան։ Մասնակիցների գնահատումն ու հավաստագրումը կատարվում են թղթապանակի հիման վրա։
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը մշակվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։