Փետրվարի 1-ին ավարտվեց Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրում մասնակիցների ներգրավման համամարզային և Արցախի երկրորդ փուլը, որը մեկնարկել էր 2017 թ․ դեկտեմբերի 13-ին։
Ծրագրում ներգրավվելու դիմում-հայտը լրացրեց և ներկայացրեց ՀՀ և Արցախի 256 մասնագետ-ուսուցիչ ութ առարկայի համար՝ հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն, անգլերեն և ռուսերեն։
Ծրագրում մասնակիցների ներգրավումը կատարվում է ընդունելության փուլի երեք հիմնական ենթափուլերով՝ դիմում-հայտերի լրացման և հանձնման, առարկայական թեստավորման և հարցազրույցի։
«Այժմ ընթանում է ներկայացված դիմում-հայտերի ուսումնասիրությունը, որից հետո բոլոր այն դիմորդները, որոնք կհամապատասխանեն ընդունելության փուլի առաջին ենթափուլի պահանջներին, կհրավիրվեն առարկայական թեստավորման, որը կանցկացվի փետրվարի 18-ին՝ կենտրոնացված կարգով՝ երկու վայրում՝ Երևանում և Վանաձորում»,- ասաց ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանը՝ ավելացնելով, որ թեստավորման արդյունքների մասին ծանուցում կստանան թեստավորմանը մասնակցած բոլոր դիմորդները, իսկ այդ փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի անցկացումը նախատեսվում է մարտի 12-30-ը։
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մասին
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար: Ծրագիրը մշակվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։