Արարատյան բակալավրիատի միջազգային ճանաչման աշխատանքների շրջանակում ԱԲ-ի միջազգային ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը մայիսի 2-4- ը Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի հրավերով մասնակցեց համալսարանի Համաշխարհային կրթության ամենամյա միջազգային համաժողովին։
Միջազգային համաժողովի նպատակն էր ներկայացնել Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի կողմից ուսանողներին տրամադրվող հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներից համաժողովին մասնակցող մասնագետների ներկայացրած կազմակերպություններին և բացահայտել ու քննարկել համագործակցության հնարավոր ուղիները։
Երկօրյա համաժողովին մասնակցեց աշխարհի 24 երկրից 25 մասնագետ, որոնք ոչ միայն ներկա գտնվեցին զանազան թեմաներով սեմինարների («Համաշխարհային կրթության մարտահրավերները և հնարավորությունները», «Նորարարության և ձեռնարկատիրության խթանում» և այլն), այլ նաև ունեցան հանդիպումներ համալսարանի ուսանողների և դասախոսների հետ՝ ծանոթանալով Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի տեսլականին ու պատմությանը, կրթակարգին ու ֆակուլտետներին, համալսարանի տեխնիկական հագեցվածությանը, հանրակացարանին և այլն։
Արարատյան բակալավրիատի ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը ներկայացրեց «Այբ» կրթական հիմնադրամի կրթական ծրագրերը, մասնավորապես՝ հիմնադրամի մշակած հայալեզու և միջազգայնորեն ճանաչելի կրթական որակավորումը՝ Արարատյան բակալավրիատը, որն այսօր համազոր է բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement որակավորումներին, ծրագրի՝ աշակերտներին ընձեռած հնարավորություններն ու առավելությունները և այլն։
«Արդեն սկսվել են Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի հետ ԱԲ-ի հավաստագրի շուրջ ճանաչման աշխատանքները, և լիահույս ենք, որ արդեն ընդունելության մյուս տարվանից ԱԲ-ի աշակերտները կկարողանան իրենց քննությունների արդյունքներով ուղիղ դիմել և ընդունվել այնտեղ»,- նշեց Ռուզաննա Մայիլյանը՝ ավելացնելով, որ համալսարանն իրականացնում է խիստ ընդունելություն և ընտրում լավագույն առաջադիմությամբ ուսանողների։
«Համալսարանը ոչ միայն առաջարկում է բարձրորակ կրթություն, այլև համալսարան ընդունված ուսանողներին տրամադրում մինչև 100% կրթաթոշակ, ինչը հիանալի հնարավորություն է մեր աշակերտների համար՝ ստանալու իսկապես որակյալ կրթություն և, վերադառնալով հայրենիք, օգտագործել իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն ի նպաստ մեր հայրենիքի զարգացման և առաջընթացի»,- նշեց Ռուզաննա Մայիլյանը։
Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի մասին
Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանն իր դռները բացել է 2010 թվականին։ Այն ստեղծվել է Նյու Յորքի համալսարանի և Աբու Դաբիի Էմիրության գործընկերության շրջանակում՝ 21-րդ դարում բարձրագույն կրթության առանցքային դերի ու մարտահրավերների գիտակցությամբ։
Արարատյան բակալավրիատի մասին
Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որը կոչված է որակյալ կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի և Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։