Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի 2017-2018թթ․ շրջափուլը թևակոխել է ավարտական շրջան։
Մարտի 26-29- ը ծրագրի 2017-2018 թթ․ շրջափուլի մասնակիցները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները, որոնք կատարել էին իրենց դասարաններում՝ գործնականորեն կիրառելով ծրագրի շրջանակում ձեռք բերած նոր գիտելիքները, հմտությունները և դասավանդման մեթոդները։
«Շուրջ երեք ամիս տևած ընտրության գորրծընթաց, ակտիվ ուսումնառության շուրջ 10 ամիս, ավելի քան 30 մասնագիտական հոդվածի ընթերցանություն ու քննարկում, երեք դեմառդեմ հանդիպում, ձեռք բերած հմտությունների շարունակական փորձարկում ու դասարանային հետազոտություն և հետազոտական աշխատանքների 4-օրյա ներկայացում ու առարկայական վերապատրաստումներ ծրագրում ներգրավված բոլոր 103 մասնակիցների համար․ 2017-2018 թթ․ շրջափուլը մոտենում է իր ավարտին, սակայն սա դեռ միայն սկիզբն է»,- ասաց Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանը։
Ծրագրի մասնակիցների հետազոտական աշխատանքների թեմաները բազմաբնույթ էին՝ «Տարբերակված ուսումնառության ազդեցությունն ընդհանրական և անհատական ուսումնառության արդյունավետության բարձրացման վրա», «Սովորողների մոտիվացիայի բարձրացումը համագործակցային ուսուցման միջոցով», «Ձևավորող գնահատումը՝ սովորողների մոտիվացիան բարձրացնող միջոց» և այլն։
«Այս ծրագիրն ինձ համար ծառայեց որպես ինքնազարգացման խթան, իսկ հետազոտությունս թույլ տվեց ավելի խորությամբ ծանոթանալու և ճանաչելու իմ և աշակերտներիս հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս ամենը շարունակական կլինի»,- հետազոտության ներկայացումից հետո նշեց Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի ուսուցչուհի Աիդա Քերոբյանը։
Մասնակիցների հետազոտական աշխատանքների ներկայացմանը ներկա լինելու նպատակով մարտի 26-29- ը Հայաստան ժամանեցին Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հինգ առաջատար մասնագետ, որոնցից չորսը, բացի հետազոտական աշխատանքներն ունկնդրելուց, նաև առարկայական վերապատրաստումներ իրականացրին մասնակիցների համար։ Այսպիսով՝ մարտի 26-29- ը Հայաստանում էին՝
դոկտոր Յացեկ Բրանտը, որը հետևեց հետազոտական աշխատանքների ներկայացման ողջ գործընթացին՝ գնահատելու ծրագրի առաջընթացն ու արդյունքները.
դոկտոր Ջոն Յանդելը, որն իրականացրեց առարկայական վերապատրաստում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ-մասնագետների համար.
Ջենի Գոլդինգը, որն իրականացրեց առարկայական վերապատրաստում մաթեմատիկայի ուսուցիչ-մասնագետների համար.
դոկտոր Արթուր Չափմանը, որն իրականացրեց առարկայական վերապատրաստում պատմության ուսուցիչ -մասնագետների համար.
դոկտոր Մարկ Հարդմանը, որն իրականացրեց առարկայական վերապատրաստում բնագիտական առարկաների ուսուցիչ-մասնագետների համար։
Հետազոտական աշխատանքների ներկայացմանը ներկա գտնվեցին և մասնակիցներին իրենց հարցերն ուղղեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության փոխնախարար Դավիթ Սահակյանը, հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը և աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։
Մասնակիցների հավաստագրումը նախատեսվում է ս․ թ․ ամռանը։
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մասին
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրն ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար:
Ծրագիրը մշակվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։