Փետրվարի 18-ին Երևանում և Վանաձորում կենտրոնացված կարգով անցկացվեց Արարատյան բակալավրիատի (ԱԲ) ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի դիմորդների առարկայական թեստավորումը։
Ուղիղ երկու ժամ տևած թեստավորմանը մասնակցեց ՀՀ և Արցախի 226 ուսուցիչ։ Քննվող 8 առարկաներն էին՝ հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, անգլերեն և ռուսերեն։
«Ցանկացած մասնագիտության պարագայում մասնագիտական զարգացումը կատարելագործման առաջին գրավականներից է։ Դա հատկապես առանցքային է ուսուցիչների և ուսուցչությամբ զբաղվել ցանկացող բոլոր մասնագետների համար, քանի որ նրանք են կրթում այն անհատին ու քաղաքացուն, որը ձևավորում է մեր վաղվա հասարակությունը։ Արարատյան բակալավրիատն ընձեռում է մասնագիտական զարգացման եզակի հնարավորություններ, և մեզ համար անչափ ուրախալի է տեսնել ուսուցիչների աճող ոգևորությունը մասնագիտական զարգացման նկատմամբ»,- ասաց ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանը՝ առարկայական թեստավորման ավարտից հետո։
Քննությունների արդյունքները կամփոփվեն մարտի 6-ին, և հաջորդ փուլ անցնելու ծանուցումներ կուղարկվեն քննության բոլոր մասնակիցներին՝ անկախ նրանից՝ հաղթահարել են առարկայական թեստավորումը, թե ոչ։ Առարկայական թեստավորումը հաղթահարած բոլոր դիմորդները կհրավիրվեն անհատական հարցազրույցների, որոնք կանցկացվեն մարտի 12-30-ը։
Խորին երախտագիտություն ենք հայտնում «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանին և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին՝ ծրագրի բարեհաջող իրականացման գործում իրենց ներդրումն ունենալու և երկրորդ տարին անընդմեջ «Այբ» դպրոցում և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ծրագրի դիմորդների առարկայական քննություններն անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար։
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի մասին
Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը ուսուցիչների զարգացման նոր, միջազգային որակի, 10-11 ամիս տևողությամբ ծրագիր է՝ բաղկացած տեսական և գործնական դասընթացներից, որոնց մասնակցությունը պարտադիր է Արարատյան բակալավրիատի դպրոցներում դասավանդել ցանկացող բոլոր ուսուցիչ-մասնագետների համար: Ծրագիրը մշակվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։
�K�}&�