Նոյեմբերի 15-16-ին Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի ղեկավար Թոմ Սամուելյանը և կենտրոնի ճանաչման մասնագետ Ռուզաննա Մայիլյանը մասնակցեցին Մեծ Բրիտանիայի Էդինբուրգ քաղաքում անցկացվող Միջազգային դպրոցների խորհրդի տարեկան գիտաժողովին (CIS)։
Այս տարի գիտաժողովին մասնակցեցին 800-ից ավելի դպրոցներ և համալսարաններ աշխարհի 70-ից ավելի երկրից, այդ թվում՝ Կանադայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ավստրիայից, Շվեյցարիայից և այլն։
Գիտաժողովի շրջանակում Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի ներկայացուցիչներն ավելի քան 50 համալսարանի ներկայացրին «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված որակավորումը և «Այբ» դպրոցը որպես որակավորումն առաջարկող առաջին կրթօջախը Հայաստանում։
«Այս երկօրյա գիտաժողովը հիանալի հնարավորություն ընձեռեց մեզ ոչ միայն կապեր ստեղծելու այլ դպրոցների և մասնավորապես համալսարանների հետ և մասնակցելու մասնագիտական զարգացմանն ուղղված տարատեսակ հանդիպումների, այլև միջազգային կրթական հանրությանը ներկայացնելու «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը՝ այդպիսով նաև խթանելով որակավորման միջազգային ճանաչումը աշխարհի առաջատար համալսարանների կողմից»,- նշեց Ռուզաննա Մայիլյանը։
Արարատյան բակալավրիատի մասին
Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Այն կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին՝ ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում։ ԱԲ-ը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ:
ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի և Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության» կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։