300 ուսուցիչ Հայաստանից և Արցախից ցանկանում է միանալ Արարատյան բակալավրիատի ուսուցչի զարգացման ծրագրին

Ապրիլի 10-ին ավարտվեց Արարատյան բակալավրիատի ուսուցչի մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրում ուսուցիչների ներգրավման առաջին փուլը, որը մեկնարկել էր մարտի 15-ին։

Հայաստանում նմանը չունեցող զարգացման այս ծրագրին, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Անգլիայի հեղինակավոր կրթական հաստատության՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի մասնագետների հետ համագործակցությամբ, մասնակցելու դիմում-հայտ է ներկայացրել շուրջ 300 մասնագետ Հայաստանից և Արցախից: 

Այս փուլում ծրագրին մասնակցելու դիմում-հայտ կարող էին ներկայացնել միայն նրանք, որոնց դասավանդման կամ մասնագիտացման առարկաներն են հետևյալ վեցը՝ հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և կենսաբանություն։

Այժմ դիմում-հայտերն ուսումնասիրվում, խմբավորվում ու դասակարգվում են: Բոլոր այն դիմորդները, ովքեր կբավարարեն դիմումի փուլի ընտրության չափանիշները, առաջիկա օրերին կտեղեկացվեն առարկայական թեստավորման մանրամասների մասին։ Առարկայական թեստավորումը կանցկացվի ապրիլի 23-ին՝ կենտրոնացված կարգով։

Հիշեցնենք, որ ուսուցիչների ներգրավումը ծրագրում կատարվելու է մրցութային կարգով, և առաջնահերթությունը տրվելու է ԱԲ-ի թեկնածու դպրոցներից դիմորդներին,  ինչը պայմանավորված է այդ դպրոցների՝ որպես ԱԲ-ի դպրոց հավաստագրման պայմաններով։ Այնուհետև ուսուցիչների ներգրավումը կկատարվի հետևյալ առաջնահերթությամբ՝ ԱԲ-ի թեկնածու դպրոցներին մոտ բնակավայրերից, տվյալ մարզից, հարևան մարզերից, Երևանից։

ԱԲ-ի ուսուցչի մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագիրը 10-11 ամիս տևողությամբ անվճար զարգացման ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (ԼՀՔ) Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ 

Ծրագիրն իրականացվում է դեմ առ դեմ հանդիպումներով և առցանց ուսումնառությամբ։ Առաջին հատվածը (20-21 շաբաթ) ներառում է 3 դեմ առ դեմ հանդիպում՝ յուրաքանչյուրը 2-3 օր, իսկ երկրորդ հատվածը (20 շաբաթ) փորձաշրջան է, երբ ԱԲ-ի թեկնածու ուսուցիչները դասավանդում են` փորձարկելով ծրագրի արդյունքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, և համագործակցում իրենց կցված մենտոր-խորհրդատուի հետ։ Փորձաշրջանի ընթացքում ԱԲ-ի թեկնածու ուսուցիչներն իրականացնում են նաև հետազոտական աշխատանք, որը նրանց գնահատվող թղթապանակի կարևորագույն բաղադրիչն է: