54 մարզային դպրոց ցանկանում է միանալ Արարատյան բակալավրիատի ծրագրին

Ավարտվեց ՀՀ մարզային դպրոցների՝ «Արարատյան բակալավրիատ» նոր հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրին անդամակցելու առաջին՝ դիմում-հայտերի փուլը, որը մեկնարկել էր դեկտեմբերի 20-ին։

Այսպիսով` ՀՀ մարզերի՝ ավագ բաղադրիչ ունեցող 54 դպրոց (28 ավագ, 23 միջնակարգ դպրոց և 3 վարժարան) ցանկություն է հայտնել իր կրթօջախում առաջարկել Արարատյան բակալավրիատի ծրագիրը:

Այս թիվը ցնցող ցուցանիշ է՝ անչափ ուրախալի և պարտավորեցնող արդյունք «Այբ» հիմնադրամի համար: Այն երկու անգամ գերազանցում է մեր նախնական սպասելիքները և խոսում այն վստահության մասին, որ կա թե՛ «Այբ»-ի կատարած տասնամյա գործի, թե՛ Կրթության գերազանցության ազգային ծրագրի  և, մասնավորապես, Արարատյան բակալավրիատի հանդեպ և թե՛ այս ծրագրի միջոցով մարզային դպրոցների համակարգային զարգացմանն ուղղված «Այբ»-ի ջանքերի:

Անդամակցության դիմում-հայտ ներկայացրած դպրոցների բաշխվածությունն ըստ մարզերի կարող եք տեսնել այստեղ.

Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների ընտրության դիմում-հայտը ներկայացրած դպրոցների ցանկը՝ այստեղ:

Այժմ ընթանում է դիմում-հայտերի ուսումնասիրությունը, և գալիք ամսվա ընթացքում թեկնածու դպրոցների ընտրության հանձնաժողովը, որը ստեղծվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում, կկազմակերպի հանդիպումներ այս փուլի չափանիշներին բավարարող բոլոր դպրոցների տնօրենների և անձնակազմերի հետ։ Հանդիպումների նպատակն է ստանալ դպրոցի վերաբերյալ ամբողջական պատկեր՝ ծանոթանալով դպրոցի նպատակներին, կրթական մոտեցումներին, միջավայրին ու ավանդույթներին, բացահայտել այն ոլորտները, որոնք հետագա բարելավման կարիք ունեն և այլն։

Մինչև մարտի կեսը դիմումի փուլի արդյունքների հիման վրա կհրապարակվի ծրագրի թեկնածության փուլ անցած դպրոցների ցանկը, և կսկսվի այդ դպրոցների ուսուցիչների ներգրավումը ԱԲ-ի ուսուցիչների զարգացման ծրագրում։

Հիշեցնենք, որ ԱԲ-ին անդամակցելու գործընթացը կազմված է երեք հիմնական փուլից՝ դիմումի, թեկնածության և հավաստագրման։ Դպրոցների հավաստագրման համար էական նշանակություն կունենան դպրոցի՝ թեկնածության փուլում իրականացրած բարեփոխումները՝ ԱԲ-ի ծրագրի պահանջներին լիովին համապատասխանելու ուղղությամբ։ Հավաստագրման փուլը հաղթահարած բոլոր դպրոցներում ԱԲ-ը կներդրվի մեկ դասարանով՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով մարզերի աշակերտներին անվճար ստանալու միջազգայնորեն մրցունակ բարձրորակ կրթություն՝ առանց լքելու իրենց հարազատ մարզը կամ դպրոցը:

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր աշակերտներին։ Ծրագիրը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում։

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերի և Ստեփանակերտի ընտրված դպրոցներում առնվազն մեկական դասարանով՝ հետագայում ընդլայնման ակնկալիքով։ Նախատեսվում է, որ ԱԲ ծրագրով առաջին մարզային դպրոցներն իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։ Այս գերազանցության ծրագիրը կգործի պետական կրթական ծրագրին զուգահեռ՝ տալով աշակերտներին ավագ դպրոցի կրթական ծրագրի ընտրության ավելի լայն հնարավորություն և ապահովելով կրթության որակի և ավարտական գնահատականների ու դիպլոմի և՛ տեղական, և՛ միջազգային ճանաչում:

2015 թ․ ընթացքում ԱԲ-ը համաքննվեց Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի ﬕջազգային քննություններ» կենտրոնի կողմից և արդյունքում գնահատվեց որպես անգլիական խորացված  մակարդակներին (GCE A Levels) համազոր։ 2016 թ․ օգոստոսին Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC)` միջազգային հավաստագրման ամենահեղինակավոր կառույցը, նույնպես ԱԲ-ը համազոր ճանաչեց այնպիսի միջազգային առաջատար կրթական ծրագրերի, ինչպիսին են անգլիական խորացված մակարդակները (GCE A Levels) և ամերիկյան Advanced Placement-ը (AP)։ ԱԲ-ի համազորությունը վերոնշյալ կրթական ծրագրերին հնարավորություն է տալիս հայ աշակերտներին հայերենով հանձնելու միջազգային քննություններ և այդ քննությունների արդյունքների հիման վրա ընդունվելու աշխարհի լավագույն համալսարաններ կամ այդ քննությունների արդյունքները կրեդիտավորելու այդ համալսարաններում: